

Բարի գալուստ «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության («Տուրմիություն») պաշտոնական կայք
Հայաստանի Զբոսաշրջության ոլորտի հարգարժան ներկայացուցիչներ, կայքի սիրելի հյուրեր
Ազատ գործունեությունը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, իսկ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիրների համար նաև պատվավոր պատասխանատվություն։
«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության գործուներությունը միտված է զբոսաշրջության ոլորտի ապագայի ձևավորմանը։
Կարևորելով ազատ տնտեսական գործունեության հնարավորությունը՝ նպատակ ունենք խթանել առողջ մրցակցությունը, պաշտպանել բոլոր շահագրգիռ կողմերի իրավունքները և պատշաճ իրականացնել զբոսավարների, ուղեկցողների, վարորդների և ոլորտի այլ ներկայացուցիչների որակավորումը։
Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միությունը կտրականապես դեմ է ցանկացած տնտեսավարողի ապօրինի գործունեության, մենաշնորհների, պետական և այլ հովանավորչության։ Մեր գործունեությունն ուղղված է անհավասար մրցակցության փորձերի, կոռուպցիոն ցանկացած դրսևորումների, դիլետանտության և կոմֆորմիզմի դեմ։
Մենք պայքարում ենք հանուն անհատ զբոսավարների, վարորդների և ուղեկցորդների, մանր և միջին ձեռնարկությունների ազատ և անկաշկանդ գործունեության, որակյալ ծառայությունների, ազգային և հայրենասիրական արժեքների պահպանության։
Եւ մեր գործունեության, մեր պայքարի արդյունավետության համար կոչ ենք անում միանալ բոլոր զբոսավարներին, ուղեկցորդներին, վարորդներին, ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, քանի որ այս պայքարը հենց մեզ՝ բոլորիս իրավունքների պաշտպանության համար է։
Միասին մենք կարող ենք ստեղծել բարենպաստ պայմաններ զբոսաշրջության ոլորտի անկաշկանդ զարգացման, որակյալ և մատչելի ուսուցման ու որակավորման համար։ Միասին փորձենք կանխարգելել մարտահրավերները, որոնք ազդում են ինչպես առկա, այնպես էլ ապագա խնդիրների վրա։
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՀՏԾՄՄ («ՏՈՒՐՄԻՈՒԹՅՈՒՆ») ՀԿ նախագահ
ՈՐՈՆՔ ԵՆ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կազմակերպության գործունեության առարկան է զբոսավարների, ուղեկցորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և մասնագիտական որակավորման ապահովումը։
Մեր գերակա խնդիրները
- Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային բարձր որակի ծառայությունների ապահովումը։
- Զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց ազատ գործունեության և իրավունքների ապահովումը և պաշտպանությունը։
- Զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանրային կառույցների աշխատանքի մշտադիտարկումը և գնահատումը։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը կարող է
- իրականացնել զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրների դիտարկում և հանդես գալ նրանց գնահատականներով։
- ամրագրել, ուսումնասիրել և հանրայնացնել Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ապահովման և դրանց խախտման դեպքերը։
- ներգրավել պատկան պետական և մասնավոր մարմիններին զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ապահովման աշխատանքներում և գնահատել այդ ուղղությամբ նրանց կատարած աշխատանքը։
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Կազմակերպությունը կարող է
- առաջարկել ՀՀ կառավարությանը, պետական և մասնավոր մարմիններին զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց որակավորման չափորոշիչները և մասնակցել դրանց սահմանման հանրային քննարկումներին, որակավորման համապատասխան մարմնի աշխատանքներին, մասնագիտական համապատասխան եզրակացության հիման վրա բողոքարկել որակավորման մարմնի որոշումները։
- սահմանել միջանկյալ կարգավիճակ կամ բողոքարկել զբոսաշրջության ծառայություններ մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի տուգանումը, աշխատանքի կասեցումը կամ արգելքը մինչև դատարանի կամ մասնագիտական հատուկ հանձնաժողովի որոշումը։
- կոռուպցիոն ռիսկերի բացառման և սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան փորձագետների մասնակցությամբ բողոքների առկայության դեպքում վերստուգել ֆիզիկական և իրավաբանական անձանց որակավորումը և տալ իր եզրակացությունը։
- Զբոսաշրջային բարձր որակի ծառայությունների ապահովման նպատակով ոլորտի փորձառու և հայտնի մասնագետների ներգրավմամբ անցկացնել որակավորման կամ վերավորակավորման դասընթացներ՝ համապատասխան փաստաթղթերի տրամադրմամբ։
❗Իրավասություններն ամբողջությամբ →
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Հասարակական կազմակերպությունը միավորում է զբոսավարներին, ուղեկցորդներին, վարորդներին և տուրիստական ծառայություններ մատուցող այլ ներկայացուցիչներին՝ թե ֆիզիկական և թե իրավաբանական անձանց։
Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական (Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած լրացած քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ) և ցանկացած իրավաբանական անձ, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները։
Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահը` իր կողմից հաստատված կարգով: Նա է նաև կասեցնում անդամությունը։ Սահմանված է անդամագրման միանվագ վճար։ Անդամավճար սահմանված չէ։
Կազմակերպության բոլոր անդամները գտնվում են «Տուրմիության» օրինական պաշտպանության ներքո։ Նրանց տրվում է անդամության համապատասխան փաստաթուղթ, որը վերադարձվում է Կազմակերպությանն անդամության դադարեցումից հետո։
«Տուրմիության» անդամներն ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։



