Menu Close

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Գտնվում է Հարավարևմտյան Ասիայի կենտրոնական մասում և առանձնանում է իր ֆիզիկաաշխարհագրական չափանիշներով։

Լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, հարավ-արևելք’ Իրանական բարձրավանդակը, հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում’ Միջագետքի դաշտավայրը, արևելքում’ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում’ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում’ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:

Հարևան Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների նկատմամբ Հայկական լեռնաշխարհը բարձր է 600-800 մ: Այդ հանգամանքը դեռ XIX դարում նկատել են գերմանացի հետազոտողները և Հայոց լեռնաշխարհն անվանել “Berginsel”՝ «լեռնային կղզի»։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում․ հարավում՝ 37°20′, հյուսիսում՝ 42°10′, արևմուտքում՝ արևելյան երկայնության 36°45′, արևելքում՝ 48°00′: Այն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսային մասում:

Քաղաքական տեսակետից տարածքը ներկայումս բաժանված է Թուրքիայի, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի միջև:

Հայկական լեռնաշխարհը Միջերկրական ծովից հեռու է 195 կմ, Կասպից ծովից’ 80 կմ, Պարսից ծոցից 825 կմ: Լեռնաշխարհի տարածքը պատկանում է Սև ու Կասպից ծովերի և Պարսից ծոցի Հնդկական օվկիանոսի ավազաններին:

  Հայկական լեռնաշխարհը պատկանում է երկրագնդի այն տարածքներին, որտեղ տեղի է ունեցել ժամանակակից մարդկանց ձևավորումը։ Աշխարհարգրական այս շրջանում հնագետները հայտնաբերել են հնագույն մարդկանց ներկայության բազմաթիվ հետքեր՝ սկսած ստորին պալեոլիթից։ Լեռնաշխարհում մշտական բնակչություն և բնակավայրեր հանդես են գալիս արդեն հոլոցենից։

  Մարդաբաններ Լուշանը, Շանտրը, Վիրխովը, Պանտյուխովը, Անուչինը, Բունակը և ուրիշներ հաստատում են, որ Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկ են արմենոիդ-հայակերպար ցեղերը:

  Ըստ մարդաբանների՝ արմենոիդ տիպը լայն տարածում ուներ Միջագետքի հարավային մասից մինչև Տիգրիսի ու Եփրատի վերնագավառները, արևմուտքում մինչև Անատոլական թերակղզու արևմտյան ծայրը մի կողմից, Իրանի ներքին շրջաններում մյուս կողմից:

 Այլ խմբերի հետ համատեղ՝ արմենոիդները նպաստել են մի քանի միջանկյալ մարդաբանական տեսակների ստեղծմանը Եվրոպայում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում (Լիտորիդ, Կարպատիդ, Ասիրոիդ, Եմենիդ, Ինդո Բրախիդ): Վերջին միգրացիաները մեծացրել են իրենց ազդեցությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հատկապես Կենտրոնական Եվրոպայում:

  Պատմական Հայաստանի տարածքում ձևավորվել և ընդհուպ մինչև XX դարի սկիզբը թվային գերակշռություն ունենալով՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ իր ավանդն է ներդրել հայ ժողովուրդը։

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Արևմտյան Ասիայի հյուսիսում գտնվող պատմաաշխարհագրական այս տարածաշրջանում է ստեղծվել, ձևավորվել և իր պատմական ուղին է անցել հայոց ազգը։ Այն իր մեջ ամբողջությամբ ներառում է Հայկական լեռնաշխարհը՝ Արևմտյան Ասիայի խոշորագույն բարձրավանդակներից մեկը:

 Հայաստան երկիրը, որպես էթնոաշխարհագրական, բնաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական միավոր հայտնի է եղել քաղաքակիրթ աշխարհին դեռևս մ.թ.ա. II հազարամյակից։ 

 Հայտնվելով պատմության թատերաբեմում ավելի քան չորսուկես հազարամյակ առաջ՝ Հայաստանը կամ Հայոց աշխարհն անցել է զարգացման դժվարին ու հերոսական ուղի։ Ապրել է վերելքի ու բարգավաճման, նշանավոր ձեռքբերումների, սակայն և անկումների ու կորուստների իրար հաջորդոդ ժամանակաշրջաններ, եղել իր ժամանակի աշխարհի խոշոր պետությունների շարքում, բայց և հաճախ կորցնելով պետական անկախությունը՝ մաս-մաս կամ ամբողջությամբ հայտնվել է օտար նվաճողների տիրապետության ներքո։ 

 Հայաստան են կոչվել Հայկական լեռնաշխարհի (պատմական Հայաստանի) տարբեր մասերում տարբեր ժամանակներում ձևավորված պետությունները (թագավորությունները), օրինակ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի թագավորությունները, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հայկական լեռնաշխարհի առանձին հատվածներ շարունակել են Հայաստան կոչվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից:

Օտարները երկիրը կոչել են տարբեր անուններով՝  Նաիրի, Ուրարտու, Արմենիա, էրմենիա, Սոմխեթի, Էրմենիստան։ Նորագույն ժամանակներում հայոց ազգն  իր ազգային պետականությունը վերահաստատել է 1918 թվականին՝ հանրապետության ձևաչափով։

Պատմական Հայաստանի ընդամենը 10% կազմող տարածքի վրա XXI դարի սկզբին գոյություն ուներ երկու հայկական պետություն՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը և դե ֆակտո կայացած, բայց  միջազգային ճանաչում չստացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ): 2023 թվականից Արցախի  ամբողջ տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՇԽԱՐՀՆԵՐԸ»

Պատմական Հայաստանն ունեցել է իր ավանդական ներքին բաժանումը, որը ձևավորվել է շուրջ 2000 տարի առաջ և մեզ է հասել 7-րդ դարի հայ խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց» աշխատության շնորհիվ:

Աշխատությունն ուներ երկրագրական բնույթ, որի մեջ տարածքային բաժանման հիմքում հիմնականում ընկած էին երկրի բնակչության էթնիկ կազմը, աշխարհագրական դիրքը, բնական պայմանները: Նշենք, որ աշխատության մեջ, Շիրակացու հաղորդած տվյալները վերաբերվում են ոչ թե իր ապրած (7-րդ դար), այլ’ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանին:՛

Ըստ «Աշխարհացոյց»-ի Մեծ Հայքի սահմանները տարածվում էին Կուր գետից մինչև Վերին Միջագետք և Կասպից ծովից մինչև Արևմտյան Եփրատ, այն բաժանվում էր 15 «աշխարհների» (նաև «նահանգ», «տուն»), իսկ դրանցից յուրաքանչյուրը’ գավառների, որոնց թիվը եղել է շուրջ 200: «Աշխարհների» մի մասը վարչական միավորներ էին’ նախարարություններ կամ բդեշխություններ (օրինակ’ Սյունիքը, Մոկքը, Գուգարքը, Տայքը, Աղձնիքը), իսկ մյուսները (Այրարատ, Վաս-պուրական, Տուրուբերան և այլն)’ աշխարհագրական-տարածքային միավորներ, որոնց տարածքում գտնվող նախարարություններն էին հանդիսանում վարչական միավորներ (նախարարության կազմում կարող էին լինել մեկ, երկու կամ ավելի գավառներ): Դրանք տարբերվում էին նաև իրենց պատմական ճակատագրով, երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում ունեցած դերով և կշռով:

Յուրաքանչյուր տարածքային միավոր’ նահանգ կամ գավառ, ուներ իր ուրույն բնական պայմանները և բաժանվում էր մյուսներից բնական սահմաններով’ գետերով, լեռներով և այլն: