ՀԱՅԵՐ
Հայերը աշխարհի հնագույն ազգերից են։ Առաջացել են Հայկական լեռնաշխարհի տարածքում և ձևավորվել որպես ժողովուրդ ավելի քան 2500 տարի առաջ։ Հայերն անցել են ազգի զարգացման բոլոր փուլերը ՝ նախնդարյան հասարակության համակարգից մինչև կապիտալիզմ և սոցիալիզմ, ստեղծել իրենց սեփական պետականությունը:
Հայ ժողովրդի և հայկական պետականության հին շրջանի մասին նշանակալի տեղեկություններ են տալիս օտարալեզու սկզբնաղբյուրները՝ շումերացիները, խեթերը, ասորեստանցիները, բաբելոնացիները և հին պարսիկները սկսած մ․թ․ա․ XXV-XIV դարերից։ Հայերին եւ Հայկական լեռնաշխարհին առնչվող մ․թ․ա VIII – VI դարերի մասին որոշակի տեղեկատվություն առկա է նաև Աստվածաշնչում։
Հայերի ևՀայաստանի մասին հայտնի ու ճշտգրիտ թվական ունեցող ամենահնագույն գրավոր տեղեկատվությունները պահպանվել են մ․թ․ա 520 թվականին Աքեմենյան Դարեհ I Վշտասպի (մ․թ․ա 522-480թթ․) կարգադրությամբ Բեհիսթունի բարձրադիր ժայռի վրա թողնված եռալեզու արձանագրության մեջ։
Հայերի և Հայաստանի հնագույն շրջանի պատմության մասին հարուստ տեղեկություններ են պահպանվել նաև հունական և հռոմեական աղբյուրներում, որոնցից առաջինը պատկանում է Հերոդոտին (մ․թ․ա 484-423 թթ․)։
Մարդաբանորեն հայերը պատկանում են կովկասյան մեծ ցեղի հարավային ճյուղի մերձավորասիական կամ արմենոիդ տիպին, որի ձևավորումը ժամանակագրորեն համընկնում է նեոլիթի դարաշրջանին: Հայերի գենետիկական կառուցվածքը բաղկացած է երկու բաղադրիչներից։ Կեսը կովկասյան է, որը եղել է քարի դարի շրջանում, և մյուս կեսը՝ նեոլիթյան, այսինքն՝ մտել է այս տարածաշրջան մոտավորապես 8 հազար տարի առաջ։
Հիմք ընդունելով Հայկական բարձրավանդակում հնագիտական պեղումներով ձեռք բերված ու տարբեր դարաշրջաններից վկայված ոսկրանյութի բաղադրության վերլուծությունները և համեմատելով դրանք ժամանակակից հայերի համապատասխան տվյալների հետ՝ գիտականորեն հիմնավորված է, որ անտիկ շրջանից սկսած՝ ժամանակակից հայերի և նրանց հնադարյան խմբերի գենետիկական բնութագրերը համարյա չեն փոխվել։
«Արմենոիդ» ռասայական տիպը բնորոշվում է հետևյալ մարդաբանական հատկություններով՝ թուխ մաշկ, գլխի բրախիկեֆալ ձև (կլորագլուխ), քիչ ալիքավոր, փափուկ սև կամ մուգ գույնի մազեր, առատ կամ շատ առատ մազածածկույթ մարմնի վրա, բեղ – մորուքի առատ աճ, դեմքի ուժեղ պրոֆիլավորում, խիստ արտահայտված արծվաքիթ, շեղ կամ ուղիղ ճակատ, միջին կամ միջինից բարձր հասակ, մուգ կամ խառը գույնի աչքեր, տափակ ծոծրակ։ Ուսամնսւսիրողները հատկապես նշում են քթի ուրույն ձևը՝ կախված քթածայրով, ու շեղ, նեղ քթանցքներով, ինչն աոանձնացնում է հայերին Կովկասի ու Առաջավոր Ասիայի ազգակից ցեղերից։
Ժամանակակից ժողովուրդներից միայն հայերն են, որ ճնշող մեծամասնությունը կրում են «արմենոիդ» հատկանիշների ամբողջական ժառանգական համալիրը և մեծամասամբ միատարր են իրենց մարդաբանական տեսակով։
Հայերը մեծամասնություն են կազմում Հայաստանի Հանրապետությունում, որը հանդիսանում է ազգային պետություն։ Այստեղ ապրում է շուրջ 3 միլիոն հայ։
Շուրջ 120 հազար հայ մինչև 2023 թվականի սեպտեմբերը բնակվում էր հայկական երկրորդ պետականության՝ Արցախի Հանրապետության տարածքում։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պատճառով երկրամասը ամբողջությամբ հայաթափվել է։
Իրենց բարդ և երկար պատմության առանձնահատկություններից ելնելով՝ հայերի որոշակի հատված գործնականում սփռված է ամբողջ աշխարհով (8-9 միլիոն մարդ): Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, Գերմանիան, Ուկրաինան, Լիբանանը, Բրազիլիան և Սիրիան։
Մեկից ավելի միլիոն հայեր ապրում են Ռուսաստանում (2,5-3 մլն․) և ԱՄՆ-ում (1,6 — 2 մլն․): Աշխարհի մնացած երկրներում հայերի թիվը տատանվում է մի քանի հարյուրից մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավորների:
Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը հիմնականում ստեղծվել են 1894-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության հետևանքով։
Հավատացյալ հայերը մեծամասամբ քրիստոնյաներ են։ Մեծամասնությունը Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետևորդ է։ Այն դավանաբանական առանձին ուղղություն կազմող Արևելաքրիստոենական եկեղեցիներից մեկն է։
Հայաստանում քրիստոներությունը տարածել են երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը։ 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց այն որպես պետական կրոն։
Հայերի մեծամասնության հոգևոև առաջնորդն է Հայաստանյած Առաքելական Եկեղեցու ղեկավար, Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հայերի նշանակալից մասը կաթոլիկներ են, ուղղափառ կամ բողոքական: XX դարի վերջում հայերի մեջ լայն տարածում են գտել նաև տարբեր աղանդներ։
Փոքր թիվ են կազմում մահմեդականություն դավանող (հիմնականում՝ սունի) հայերը: Նրանց ստվար մասը ծպտյալ է, թաքցնում է իրական արմատները։ Նրանք բնակվում են հիմնականում Թուրքիայի տարածքում։ Այստեղ նրանց թիվը հասնում է 5 – 7 միլիոնի: Ծպտյալ հայերը հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։ Նրանք ցեղասպանությունից փրկվելու համար թուրքացվել, քրդացվել կամ արաբացվել էին:
Հայոց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքին՝ որպես առանձին անկախ ճյուղ։
Ամենամոտ տարածական կապեր հայտնաբերվել են հունական, հնդկական և սլավոնական լեզուների, ինչպես նաև իրանական, փռյուգական և խեթիթա-լուվական լեզուների հետ։
405 թվականին ականավոր դաստիարակ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծվեց ազգային այբուբենը, որն այսօր օգտագործվում է գրեթե անփոփոխ։ Գրերի գյուտը հսկայական դեր խաղաց հայկական բնօրինակ մշակույթի զարգացման, էթնիկական ինքնության պահպանման և հետագայում հայկական համայնքների միջև սերտ կապերի պահպանման գործում:
Ներկայումս աշխարհում հայերեն է խոսում 7-9 միլիոն մարդ։ Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում։
Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։
Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան: