Menu Close

Ինչպես է կազմակերպվում քննական գործընթացը Տուրմիությունում

Հենվելով իր Կանոնադրության վրա՝«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» ՀԿ (Տուրմիություն) կազմակերպում է զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական գիտելիքների ստուգման քննություններ, որոնք ծառայում են մասնագիտական ստանդարտների ապահովման, տեղեկատվության թափանցիկության և մասնագետների իրավահավասարության պաշտպանությանը:

1.  Ո՞րն է Տուրմիության քննությունների բնութագիրը

Տուրմիության քննությունը հանդիսանում է պաշտոնապես ճանաչված գիտելիքների ստուգման գործընթաց, որի նպատակն է.

  • Հաստատել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական կարողությունները
  • Վերահաստատել անձնական և կառույցային գիտելիքների որակավորում
  • Ապահովել մասնագիտական գործողությունների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին
  • Ապահովել թափանցիկ և օբյեկտիվ գնահատում

Քննությունը կազմակերպվում է թափանցիկ, հանրային և վերահսկելի ձևաչափով՝ բացառելով քաղաքական կամ տնտեսական կողմնակալությունը:

2. Ո՞վ կարող է մասնակցել Տուրմիության քննություններին

Քննությանը կարող է մասնակցել զբոսաշրջության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող, սկսնակ կամ որևէ փորձ չունեցող ՀՀ և օտարերկրյա ցանկացած քաղաքացի։

Մասնակցությունը սկսվում է գրավոր դիմումի ներկայացմամբ Տուրմիության նախագահին՝ ներկայացնելով անձնական տվյալները և մասնագիտական փորձը:

3. Ի՞նչ չափորոշիչներով են անցկացվում Տուրմիության քննությունները

  • Քննությունների բովանդակությունը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության ճանաչված ակադեմիական և կրոնական հաստատությունների չափորոշիչների հիման վրա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ազգային ագրարային համալսարան, Գյումրիի պետական մանկավարժական համալսարան:
  • Օգտագործվում են միայն պաշտոնապես հրատարակված դասագրքեր, ձեռնարկներ և գիտական հոդվածներ, որոնք հանրայնորեն հասանելի են:
  • Քննությունները չեն ենթարկվում քաղաքական, տնտեսական կամ որևէ արտաքին կողմնակալության:
  • Միաժամանակ կիրառվում է Տուրմիության ընտրված չափորոշիչների համակարգ, որը համապատասխանում է ոլորտի լավագույն պրակտիկային:

4. Որո՞նք են քննական առարկաները

Տուրմիության մասնագիտական քննությունը ներառում է հետևյալ հիմնական առարկաները.

  1. Հայաստանի աշխարհագրություն – բնաշխարհային պայմաններ, բնաշխարհագրական գոտիներ, էկոտուրիզմ
  2. Հայոց պատմություն – հայ ժողովրդի պատմական զարգացումը, պետականություն, պետական ինստիտուտներ
  3. Հայ արվեստի և ճարտարապետության պատմություն – մշակութային ժառանգություն, ճարտարապետական հուշարձաններ
  4. Հայոց Առաքելական եկեղեցու պատմություն – եկեղեցու կառուցվածք, հնագույն ավանդույթներ, կրոնական տոնակարգ
  5. Կրոնագիտություն – կրոնների պատմություն, հայ եկեղեցու ուսուցում
  6. Հայ ազգագրություն – ազգային սովորույթներ, ավանդույթներ, տոնակատարություններ
  7. ՀՀ և Արցախի զբոսաշրջային վայրեր – պատմամշակութային և բնական հուշարձաններ
  8. Տուրիզմի հիմունքներ – միջազգային և ազգային տուրիզմի ստանդարտներ, անվտանգության կանոններ
  9. Օտար լեզուների իմացություն – հիմնական նպատակ՝ զբոսավարի խոսքային կարողությունների ստուգում օտար զբոսաշրջիկների հետ աշխատելիս

5. Ինչպե՞ս է անցկացվում քննությունները

  • Քննություններն անցկացնում է հատուկ հանձնաժողովը, որում ընդգրկված են Տուրմիության նախագահը, ոլորտային փորձագետներ և հատուկ հրավիրված մասնագետներ:
  • Քննությունը կարող է անցկացվել գրավոր և բանավոր ձևաչափով, ըստ դիմողի ցանկության:
  • Բանավոր քննությունը տեսանկարահանվում է, ու հետո հասանելի է մասնագիտական հարթակում՝ թափանցիկությունը ապահովելու համար:
  • Քննության օրը սահմանվում է դիմումի ներկայացումից 30–40 օրվա ընթացքում:
  • Մասնակիցները հնարավորություն ունեն վերահանձնել քննությունը 30 օր անց, եթե արդյունքը բավարար չէ:

6. Ինչպե՞ս են գնահատվում գիտելիքները

  • Գիտելիքները գնահատվում են 5-բալանոց սանդղակով:
  • Հարցին կրկնակի պատասխանելու կամ սխալվելու դեպքում առանձին փորձը նվազեցնում է գնահատականը մեկ միավորով:
  • Ըստ առարկաների արդյունքները զետեղվում են Տուրմիության պաշտոնական կայքում:
  • Տվյալների գաղտնիությունն ու թափանցիկությունը երաշխավորված են:

7. Քննությունների արժեքը և վճարները

  • Տուրմիության անդամների համար մեկ քննության մասնակցությունը 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ է։
  • Տուրմիության անդամ չհանդիսացող անձանց համար մեկ քննության մասնակցությունը 10.000 (տաս հազար) ՀՀ դրամ է։
  • Վերաքննության արժեքները նույն են

8. Ինչ են տալիս Տուրմիության քննությունները մասնակիցին

  • Օբյեկտիվ և թափանցիկ գնահատական՝ ստուգված և փաստագրված
  • Էլեկտրոնային և/կամ թղթային հավաստագիր, որը հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ
  • Ավելի բարձր վարձատրության և մասնագիտական զարգացման հնարավորություններ
  • Պաշտպանություն կոռուպցիոն ռիսկերից և մենաշնորհային դրսևորումներից
  • Հիմք շարունակելու գործունեությունը Տուրմիության շրջանակներում

9. Արդյո՞ք տրամադրվում է լիցենզիա

  • ՀՀ գործող օրենսդրությամբ՝ լիցենզավորում նախատեսված չէ:
  • Տուրմիությունը տրամադրում է միայն էլեկտրոնային հավաստագիր, որը վկայում է մասնագիտական որակավորման մասին:

10․ Որոնք են քննությունների անցնկացման իրավական հիմնավորորմները

Կազմակերպությունը իրավասու է իրականացնել զբոսավարների և ուղեկցորդների որակավորման և գիտելիքների ստուգման գործընթաց` hիմք ընդունելով «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ գործող օրենսդրությունը և «Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության Կանոնադրությունը:

Կազմակերպության կողմից իրականացվող որակավորման գործընթացը հիմնված է ակադեմիական չափորոշիչների, հաստատված ծրագրերի և մասնագիտական գնահատման սկզբունքների վրա։ Քննությունները անցկացվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Քննությունների արդյունքները փաստագրվում են, հրապարակվում են Կազմակերպության պաշտոնական կայքում և կարող են հիմք հանդիսանալ մասնագիտական գործունեության իրականացման համար՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Կանոնադրությունը՝ Կազմակերպությունը, որպես հասարակական կազմակերպություն, իրավունք ունի ներկայացնելու մասնագիտական եզրակացություններ, բողոքարկելու որակավորման գործընթացներում արձանագրված խախտումները և պաշտպանելու իր անդամների օրինական իրավունքներն ու շահերը։

14.01.2026 թ

 

Տես նաև՝ Տուրմիության որակավորման գործընթացը․ իրավական հիմքեր և մոտեցումներ



О ТУРСОЮЗЕ
ՏՈՒՐՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ЧЛЕНСТВО
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

Տես նաև/ See also / Также