Menu Close

Զբոսաշրջության ոլորտի հիմնական հասկացությունները՝ ըստ ՀՀ օրենսդրության

Այցելու` ֆիզիկական անձ, որը ցանկացած նպատակով (գործնական, հանգստի կամ անձնական) ճանապարհորդում է իր հիմնական կացության վայրից այլ վայր մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ ժամանման վայրում ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ կազմակերպության կողմից վճարվող աշխատանքի կամ ծառայության մեջ ներգրավվելու դեպքերի։ Սահմանային, սեզոնային կամ այլ կարճաժամկետ աշխատանքի, ցանկացած բնագավառում հեռավար (թվային) աշխատանքի, դիվանագիտական, հյուպատոսական, զինվորական ծառայության, երկարաժամկետ (մեկ տարի և ավելի) կրթություն ստանալու, երկարաժամկետ (մեկ տարի և ավելի) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակներով ճանապարհորդող ֆիզիկական անձինք այցելու չեն համարվում։

Արտագնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։

Արտագնա զբոսաշրջային գործակալ` արտագնա զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ։

Զբոսավար`մասնագիտական որակավորում ստացած անձ, որը զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, նվաճումների, բնության, աշխարհագրության, պետության կառուցվածքի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի և ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կենցաղավարության մասին և զբոսաշրջային երթուղու շրջանակներում մատուցում է զբոսաշրջիկների դիմավորման, տեղաբաշխման, տեղավորման, սննդի կազմակերպման և այլ ծառայություններ։

Զբոսաշրջիկ` այցելու, որը ժամանման վայրում անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց, սակայն ճանապարհորդությունը տևում է մինչև մեկ տարի։

Զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, առողջարարական, վերականգնողական, գործնական, կրթական, կրոնական, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, բնապահպանական, գործառնական նշանակության և այլ բնույթի միջոցառումների մասնակցելու և այլ նպատակներով մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն հիմնական կացության վայրից այլ վայր։

Զբոսաշրջային ավտոբուս` առնվազն 9 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) և զբոսաշրջային ավտոբուսի որակավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոց, որով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում։

Զբոսաշրջային գործունեություն` իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն։

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտ` զբոսաշրջային օպերատոր կամ զբոսաշրջային գործակալ։

Զբոսաշրջային գործակալ` զբոսաշրջային օպերատոր չհանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն անհատ զբոսաշրջիկին կամ զբոսաշրջիկների խմբին տրամադրում է զբոսաշրջության հետ կապված խորհրդատվություն կամ առաջարկում կամ վաճառում է զբոսաշրջային օպերատորի ձևավորած զբոսաշրջային փաթեթ կամ առանձին զբոսաշրջային ծառայություններ։

Զբոսաշրջային գյուղ` Կառավարության որոշմամբ սահմանված՝ նշանակալի զբոսաշրջային ռեսուրսներ պարունակող գյուղական բնակավայր։

Զբոսաշրջային կենտրոն` Կառավարության որոշմամբ սահմանված՝ նշանակալի զբոսաշրջային ռեսուրս պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր, ինչպես նաև դրանց համախումբ։

Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն` իրավաբանական անձ, որի գործառույթները սահմանվում են այդ կազմակերպության կանոնադրությամբ և կարող են ընդգրկել զբոսաշրջային ռեսուրսների թողունակության գնահատումը, զբոսաշրջային կենտրոնի ճանաչելիության բարձրացումը, դեպի այդ կենտրոն զբոսաշրջիկների հոսքերի ուղղորդումը և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ զբոսաշրջային կենտրոնների կայուն զարգացումը։

Զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան` միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում զբոսաշրջային կենտրոնի կայուն զարգացման և կառավարման ծրագիր, որը կարող է բաղկացած լինել զբոսաշրջային կենտրոնում ներառված առանձին բնակավայրերի, վարչական շրջանների կամ վարչատարածքային միավորների զարգացման ծրագրերից։

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն` իրավաբանական անձ, որը սպառողին թերթոնների, քարտեզների և գրավոր այլ տեղեկատվական նյութերի միջոցով անվճար տրամադրում է անկողմնակալ և համարժեք տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչությունների, դրանց տեղակայման վայրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ՝ առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու։

Զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ, որը ձևավորում և անմիջականորեն կամ զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ, զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալով, իրացնում կամ առաջարկում է զբոսաշրջային փաթեթ, տուր կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայություններ կամ փոխանցում է զբոսաշրջիկի տվյալները զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի՝ համաձայն սույն հոդվածի 12-րդ կետի «ե» ենթակետի։

Զբոսաշրջային արդյունք (պրոդուկտ)` մեկ կամ մի քանի զբոսաշրջային ռեսուրս կամ ծառայություն, որոնք առաջարկվում են զբոսաշրջիկին։

Զբոսաշրջային փաթեթ` միևնույն այցելության ընթացքում առնվազն երկու տարբեր տեսակի զբոսաշրջային ծառայությունների համալիր, եթե զբոսաշրջային ծառայությունները համակցվում են (ներառյալ զբոսաշրջիկի ընտրությամբ) զբոսաշրջային գործունեության միևնույն սուբյեկտի կողմից նախքան զբոսաշրջային փաթեթի մեկ միասնական պայմանագիր կնքելը, կամ առանձնացված պայմանագրեր կնքելու դեպքում այդ ծառայությունները ձեռք են բերվում նույն սուբյեկտից կամ առաջարկվում և իրացվում են միասնական գնով կամ գովազդվում են «զբոսաշրջային փաթեթ» եզրույթի կիրառմամբ կամ համակցվում են զբոսաշրջիկի ընտրությամբ կամ ձեռք են բերվում առցանց փոխկապակցված ամրագրման ընթացակարգերով։

Զբոսաշրջային փաթեթի պայմանագիր` մեկ միասնական կամ առանձնացված պայմանագրեր, որոնք ներառում են միևնույն այցելության ընթացքում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների պայմանները։

Զբոսաշրջային փաթեթի մեկնարկ` զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների մատուցումն սկսելու ամսաթիվը։

Զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական, բնական, մարդկային, առողջարարական, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային և այլ ռեսուրսներ, որոնք կարող են հանդիսանալ զբոսաշրջային արդյունք կամ գրավչության օբյեկտ կամ ներառվել զբոսաշրջային փաթեթում։

Զբոսաշրջային ծառայություններ` ուղևորափոխադրման, հյուրանոցային, էքսկուրսային, ավտոտրանսպորտային միջոցի վարձույթի և զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող այլ ծառայություններ, որոնք չեն հանդիսանում նշված ծառայությունների անբաժանելի մաս։

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն, որը միավորում է մեկ կամ մի քանի տեսակի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կամ ներկայացնում է այդ անձանց շահերը և սույն օրենքով սահմանված կարգով ընտրվելու դեպքում որակավորում է զբոսաշրջային ծառայությունները կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտները։

Զբոսաշրջային փորձառություն` մշակութային, ձեռագործ աշխատանքի, խոհարարության կամ արվեստի կամ արհեստի կամ այլ բնագավառի վերաբերյալ հատուկ գիտելիքներ կամ հմտություններ պահանջող անձի առաջնորդությամբ կամ ցուցումներով զբոսաշրջիկի ներգրավմամբ անցկացվող գործնական կամ տեսական պարապմունքների կամ դասընթացների կազմակերպում կամ անցկացում հատուկ հարմարեցված վայրերում, որի միջոցով զբոսաշրջիկը կարող է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ կամ հմտություններ և ծանոթանալ հայկական կամ ազգային փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին։

Զբոսաշրջային ուղևորափոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը զբոսաշրջային ավտոբուսներով իրականացնում է ոչ կանոնավոր զբոսաշրջային ուղևորափոխադրումներ։

Զբոսաշրջային երթուղի` զբոսաշրջային գրավչության օբյեկտներ և վայրեր միավորող երթուղի։

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ`  այն անձն է, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

Կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:  (Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք, Հոդված 3, մաս 2)

Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ` ոչ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի հոդված 3, մաս 2-ին համապատասխան ռեզիդենտ չէ:

Հյուրանոցային համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտում զբոսաշրջիկի կացության (գիշերակացի) համար կահավորված առանձնացված գույքային միավոր։

Հյուրանոցային ծառայություն մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ կառավարման իրավունքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքով տիրապետում կամ կառավարում և շահագործում է հյուրանոցային տնտեսության օբյեկտ։

Հյուրանոցային տնտեսության օբյեկտ` սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված օբյեկտ։

Մեկօրյա այցելու` այցելու, որը ժամանման վայրում չի անցկացնում առնվազն մեկ գիշերակաց։

Ներգնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։

Ներգնա զբոսաշրջային գործակալ` ներգնա զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ։

Ներքին զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։

Ներքին զբոսաշրջային գործակալ` ներքին զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ։

Սպառող` զբոսաշրջային ծառայությունների մատուցումից օգտվող ֆիզիկական անձ։

Տուր` առնվազն երկու տարբեր զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն առաջարկվում կամ իրացվում է մեկ ընդհանուր գնով, սակայն չի պարունակում գիշերակաց և իրականացվում է 24 ժամվա ընթացքում։

Ուղեկցորդ` մասնագիտական որակավորում ունեցող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի տրամադրած երթուղու շրջանակներում ուղեկցում է զբոսաշրջիկներին, ապահովում է ժամանակին և պատշաճ որակով ծառայությունների մատուցումը և (կամ) ֆիզիկական վնասվածքի ռիսկ պարունակող երթուղիների ընթացքում, տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված, իրականացնում է անվտանգության կանոնների հրահանգավորման և աջակցման գործառույթներ։

©Զբոսաշրջության մասին ՀՀ օրենք

 

 

Տես նաև/ See also / Также