Menu Close

Մեկնարկել են Տուրմիության զբոսավարների պարտադիր քննությունները

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության անդամները հանձնում են քննություններ «Հայաստանի աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայ արվեստի և ճարտարապետության պատմություն», «Կրոնագիտություն և Հայ Առաքելական եկեղոցու տեսություն» և այլ առարկաներից։

Քննություններն ընդունում է Տուրմիության Որակավորման հանձնաժողովը՝ Կազմակերպության փոխնախագահ Հակոբ Գորգինյանի նախագահությամբ։ Նրա իրավասությունների շրջանակների մեջ է մտնում նաև հանձնաժողովի կազմի ընտրությունը։

Ամեն քննության ավարտին Որակավորման հանձնաժողովի նախագահն ամփոփում է գործընթացի արդյունքները մասնագիտական որակավորման քննական ամփոփաթերթում։   Քննությունը բարեհաջող հանձնած զբոսավարներին տրվում է հավաստագիր, որ նա հանձնել է առարկայի քննությունը՝ ըստ հանրակրթական չափորոշիչների, և տիրապետում է զբոսավարի համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքները։

Կազմակերպության յուրաքանչյուր անդամ հանդիսացող զբոսավարը պարտավոր է քննություն հանձնել  նված առարկաներից՝ ոչ միայն իր որակավորումը հաստատելու, այլ նաև  2023 թվականի դեկտեմբերին՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքին համապատասխանելու համար։

Ինչի՞ է պետք հանձնել քննությունները ՏուրՄիության հետ

Հասարակական կազմակերպությունը երաշխավորում է որակավորման և քննական թափանցիկ գործընթաց, համապատասխան գիտելիքների ձեռքբերում։

Հաշվի առնելով որոշ չափորոշիչների ներկա փոփոխությունները, քննություների ժամանակ կոռուպցիոն որոշակի ռիսկերը և ոլորտում առկա տարաբնույթ շահերի առկայությունը, հասարակական կազմակերպությունը հաստատակամ կանգնած է իր բոլոր անդամների գիտելիքների երաշխավորմանը, ձեռք բերված գնահատականների իրական լինելուն, Հայաստանում որակյալ զբոսաշրջության և հայակենտրոն,  հայանպաստ իրական տեղեկատվության ապահովմանը։

Ո՞վ կարող է հանձնել քննությունը

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպության որակավորման գործընթացին և քննությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի։ ՏուրՄիության անդամների համար այն ամբողջությամբ անվճար է (բացի տեխնիկական որոշ վճարումների): Կազմակերպության անդամ չհանդիսացող անձանց համար առկա է վճարովի գործընթաց։

Հենվելով իր Կանոնադրության և «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի պահանջների վրա՝ «Հայաստանի տուրիստական ծառայուրթյուններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 1-ից սկսել է որակավորման և գիտելիքների ստուգման իր գործընթացը, որին կարող են մասնակցել ոչ միայն Կազմակերպության անդամները, այլ նաև այլ զբոսավարներ և ուղեկցորդներ։

Համաձայն իր Կանոնադրության՝ «Հայաստանի տուրիստական ծառայուրթյուններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունն իրավասու է նաև ստուգել այլ կազմակերպությունների և անհատների կողմից անցկացվող որակավորման գործըթնացները, տալ իր գնահատականը, բողոքարկել զբոսաշրջիկների և ուղեկցորդների ստացած քննական գնահատականը։

Ի՞նչ չափորոշիչներով են որակավորվում ՏուրՄիության անդամները

«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունն առաջնորդվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Երևանի Պետական Համալասարանի,  Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի, Ազգային Ագրարային Համալասարանի, Գյումրիի Պետական Մանկավարժական համալսարանի և պետական այլ գիտակրթական հաստատությունների կողմից ընդունված և տասնամյակների ընթացքում կիրառվող չափորոշիչներով և զերծ է ներկայիս քաղաքական կոնյուկտուրայի դրսևորումներից։

Ինչպես մասնակցել քննությանը

Քննություն հանձնելու համար պետք է գրավոր դիմել Կազմակերպության նախագահին։ Քննության օրը սահմանվում է Որակավորման հանձնաժողովի նախագահի կողմից դիմումի ժամկետից 7-14 օրվա ընփացքում։ Տեխնիկական սպասարկման համար սահմանվում է վճար / առավելագույնը 15 հազար դրամ/ յուրաքանչյուր հայտադիմողի համար։

Քննությունը անցկացվում է բանավոր և/կամ գրավոր՝ ըստ դիմողի ցանկության։ Բանավոր քննությունը տեսանկարահանվում է։

Գիտելիքները գնահատվում են 5-բալանոց սանդղակով։ Հարցին կրկին պատասխանելու ամեն մի փորձը մեկ միավորով իջեցնում է գնահատականը։

Քննությունը հնարավոր է վերահանձնել 30 օրից։

Քննությունների արդյունքներն ըստ առարկաների զետեղվում են Կազմակերպության կայքում։