Menu Close

Հայկական լեռնաշխարհի ջրագրությունը

Հայկական լեռնաշխարհում շատ են արագահոս, սահանքավոր լեռնային գետերը, գեղատեսիլ լճերը, որոնք սնվում են բարձր լեռների կատարներին ամբողջ տարին պահպանվող փոքր սառցադաշտերից: Միջլեռնային գոգավորությունների ապարաշերտերում և լեռնավահանների ու սարավանդների ճեղքատված լավաներում կուտակված են ստորերկրյա ջրեր:

Գետեր։ Պատկանում են Սև, Կասպից,Միջերկրական և Արաբական (Պարսկական ծովածոց) ծովերի ավազաններին: Ներքին հոսքի ավազանին են պատկանում Վանա և Ուրմիա լճերի մեջ թափվող գետերը:

Հայկական լեռնաշխարհի շատ գետեր հոսում են մեծ թեքություններ ունեցող հովիտներով, սելավաբեր են և օժտված են մեծ ջրաէներգետիկ պաշարներով։ Հարթավայրային տարածքներով հոսող գետերի ջրերը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակներով: Խոշորագույն գետերն են Եփրատը, Տիգրիսը, Կուրը, Արաքսը և Ճորոխը, որոնց ակունքները լեռնաշխարհի կենտրոնական հատվածում մոտ են միմյանց:

Հայկական լեռնաշխարհի գետերի սնման ռեժիմը խառն է: Դրանք հիմնականում սնվում են ձնհալքի, անձրևների և, մասամբ նաև, ստորերկրյա ջրերով: Հոսքի ռեժիմն անկայուն է’ հորդացումները տեղի են ունենում գարնանը և աշնանը: Ամռանը և ձմռանը գետերում ջրի քանակը կտրուկ նվազում է: Միջնաշխարհի (հատկապես Ուրմիա լճի ավազանի) կարճ, սակավաջուր գետերն ամռանը հիմնականում ցամաքում են:

Լճեր։  Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն: Լեռնաշխարհում առավել տարածված են տեկտոնական, տեկտոնահրաբխային, հրաբխային և սառցադաշտային ծագման լճերը: Տեկտոնական ծագման ամենամեծ լիճը Ուրմիան է։ Տեկտոնահրաբխային լճերից խոշորներն են Վանա և Սևանա լճերը: Սևանը Արևմտյան Ասիայի քաղցրահամ լճերից ամենաբարձրն է ու ամենամեծը:

Միջնաշխարհում շատ են հրաբխային ծագման լճերը: Դրանք հատկապես շատ են Ախալքալաքի սարահարթում (Փարվանա, Խանչալի, Տաբացկուրի, Սաղամո): Փոքր լճեր են առաջացել հրաբուխների խառնարաններում, հնագույն լեռնային սառցադաշտերի առաջացրած գոգավորություններում: Խառնարանային լճերից ամենամեծը Նեմրութի լիճն է, որն առաջացել է համանուն լեռնագագաթի ընդարձակ խառնարանում: Խառնարանային լճերը հիմնականում սնվում են մթնոլորտային տեղումներով, իսկ սառցադաշտային լճերը’ հալոցքային ջրերով:

Ամենից հաճախ հանդիպում են սառցադաշտային ծագման լճերը, որոնք տեղադրված են նախկին սառցադաշտային կրկեսներում և ունեն փոքր մակերես: Կան նաև մորենային թմբերի արանքներում տեղավորված մանր լճակներ, որոնց մեծ մասը ամռան երկրորդ կեսին չորանում է: Սառցադաշտային ծագման լճերից են Քարի լիճը Արագած լեռան վրա, Ակնա լիճը Գեղամա լեռներում, Սև լիճը Իշխանասարի վրա, Գազանա լիճը Կապուտջուղի վրա, բազմաթիվ մանր լճակներ’ Բյուրակնի սարավանդում:

Հայկական լեռնաշխարհի գոգավորությունների հատակային մասերում կան նաև ողողատային (հնահունային) լճեր Սրանք գետերի գալարների մնացորդներն են: Այդպիսի մանր լճեր կան Արաքսի, Արածանիի, Եփրատի ափերին: Ցածրադիր լճերից է նաև Մեծամորը (Այղր լիճ), որը գրեթե ամբողջությամբ ստորերկրյա սնուցում ունի։

Ջրամբարներ։ Դեռևս հնագուն ժամանակներից, կանոնավոր ջրամատակարարում ապահովելու նպատակով, կառուցել ու ներկայումս շարունակում են կառուցել ջրամբարներ: ՀՀ տարածքում կառուցվել են Ախուրյանի, Ապարանի, Սպանդարյանի, և այլ ջրամբարներ, իսկ Արմտյան Հայաստանում խոշորագույնը Եփրատ գետի վրա կառուցված Քեբանի ջրամբարն է։

Վերադառնալ  ՀԱՅԱՍՏԱՆ

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ