Հայկական լեռնաշխարհը կրում է մերձարևադարձային կլիմայական գոտուն բնորոշ բոլոր հատկանիշները, միևնույն ժամանակ դրանց գումարվում են բարձրադիր-վերընթաց գոտիականությամբ, ռելիեֆով և վերընթաց գոտիականությամբ պայմանավորված շեղումներ․ ձմռանը գոգավորություններում պարբերաբար հաստատվում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի շնորհիվ Արեգակի ճառագայթների անկման անկյունն ամռանը տատանվում է 72-77°-ի, իսկ ձմռանը’ 25-30°-ի միջև: Ամռանը ցերեկվա տևողությունը հասնում է 15-16 ժամի, իսկ ձմռանն այն նվազում է մինչև 9 ժամ: Արևափայլի տևողությունը մեծ է Միջնաշխարհում և տարեկան կազմում է 2600-2800 ժամ, իսկ եզրային լեռնաշղթաների արտաքին լանջերին, ամպամածության մեծացման պատճառով, այն կազմում է ընդամենը 1600-1800 ժամ:
Արեգակի ճառագայթման ուժգնությունը (ինտենսիվություն) 3000 մ բարձրություններում, օրինակ’ Արարատի, Սիփանի վրա, կազմում է 1,6-1,7 կկալ/սմ2, Երևանում 1,4-1,5 կկալ/սմ2,իսկ Սև ծովի ափին’ 1,2-1,3 կկալ/սմ2: Լեռներ բարձրանալիս մեծանում է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների լարվածությունը, այդ պատճառով բեռներում մաշկն ավելի շուտ է այրվում: Օրվա ընթացքում գումարային ճառագայթման ամենամեծ լարվածությունը նկատվում է կեսօրին, տարվա ընթացքում հունիսին: Գումարային տարեկան ճառագայթումը լեռնաշխարհի հյուսիսում կազմում է 120-130 կկալ/սմ2, հարավում’ 150-165 կկալ/սմ2։
Հայկական լեռնաշխարհի կլիմայի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողնում բարեխառն, արևադարձային և երբեմն նաև արկտիկական օդային զանգվածները։ Բարեխառն օդային զանգվածները Հայկական լեռնաշխարհ են թափանցում արևմուտքից’ բերելով խոնավություն և համեմատաբար մեղմ եղանակներ: Դրանք, անցնելով Միջերկրական և Սև ծովերի տաք ջրերի վրայով, առատ տեղումներ են առաջացնում Արևելապոնտական լեռների հյուսիսահայաց լանջերին (2000-3000 մմ): Սակայն, Միջնաշխարհում տեղումներն առատ չեն: Այստեղ տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 400-500 մմ, իսկ դրա ցածրադիր գոգավորություններում’ (Արարատյան, Ուրմիայի և այլն)’ 300 մմ-ից պակաս։
Ամառային ամիսներին հարավից լեռնաշխարհ են թափանցում արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, որոնք բարձրացնում են ցածրադիր գոգավորությունների ամառային ջերմաստիճանները (երբեմն +400-ից բարձր), առաջացնում երաշտային եղանակներ:
Ձմռան ամիսներին Հայկական լեռնաշխարհ են թափանցում բարեխառն, երբեմն նաև արկտիկական օդային զանգվածները: Այստեղ հաճախակի են ուշ աշնանային և վաղ գարնանային ցրտահարությունները: Լեռների կատարային մասերում’ 4200 մ-ից սկսած, ձյունը պահպանվում է ամբողջ տարին: Միջնաշխարհում ձմեռը երկարատև է և ձյունառատ: Ձյան շերտի հաստությունն աճելով’ բարձր լեռների գագաթամերձ մասերում հասնում է 2 մ-ի:
Լեռնաշխարհում կլիման փոփոխվում է վերընթաց ուղղությամբ. գլխավոր օրինաչափությունը ջերմաստիճանի 5°-6°-ով անկումն է յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 3000-3400 մ բաձրությունները դրական է, իսկ դրանից բարձր’ բացասական: Քաջքար, Արարատ, Արագած լեռնագագաթներին այն կազմում է -2° -6°: ձմռանը Կարսի և Աշոցքի բարձրադիր սարահարթերում (1700-2100մ) օդի ջերմաստիճանը երբեմն կարող է իջնել -40°-ից ցած:
Հայկական լեռնաշխարհում ամենատաք ամիսը հուլիսն է: Հուլիսյան միջին ջերմաստիճանը ամենացածր դաշտերում հասնում է 25-30°, միջին բարձրության լեռնային գոտում’ 15°-20°, բարձր լեռնային գոտում’ 5°-10°: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Ուրմիա լճի ավազանում (+46°):
Այսպիով օդի առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների տատանման լայնույթն անցնում է 90°-ից: Վերջինս լեռնաշխարհի կլիմայի ցամաքայնությունը հաստատող հիմնական ցուցանիշն է:
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆ