Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Մետաղների հարուստ հանքավայրերը լեռնաշխարհի եզրային մասերում են Արևելապոնտական, Հայկական Տավրոսի, Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռներում, որտեղ հրաբխային ներժայթուկները մերկացել են կամ գտնվում են մակերևույթին շատ մոտ:
Երկաթի հանքավայրերից նշանավոր են Փոքր Կովկասի հյուսիս- արևելյան լանջին գտնվող Դաշքեսանինը, ինչպես նաև Աղձնիքում, Արդվինի շրջանում և Տուրուբերանում հայտնաբերված հանքավայրերը և այլն : Հնուց ի վեր հայտնի են եղել Զանգեզուրի, Գյումուշհանեի, Կարինի երկաթի հանքավայրերը :
Հայկական լեռնաշխարհը հարուստ է գունավոր մետաղների, հատկապես պղնձի պաշարներով : Պղնձի խոշոր հանքավայրերից մեկը գտնվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռներում, Արկնի բերդաքաղաքի շրջանում : Պղնձի և նրան ուղեկից բազմամետաղների (ոսկի, արծաթ, կապար, ցինկ) հանքավայրեր են գտնվում Բաբերդի շրջանում, դեպի Սև ծով տանող ճանապարհի մերձակայքում և Ճորոխի ավազանում (Սպերի շրջան) : Պղնձի և բազմամետաղների պաշարներով նշանավոր են նաև Փոքր Կովկասի և Հայկական (Ղարադաղի) լեռները : Հայկական լեռնաշխարհի ընդերքը հարուստ է նաև քրոմիտի, սնդիկի, մկնդեղի պաշարներով :
Ոսկու և արծաթի հարուստ պաշարներ կան Ագիրոկաստրոնում (այժմ Գյումուշհանե), Վանա լճի հարավում, Հայկական Տավրոսի լեռներում և այլուր :
Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 1/3 մասը ծածկող հրաբխային լավաներն առաջացրել են շինանյութերի (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն) հարուստ հանքավայրեր: Տուֆի խոշոր հանքավայրերը գտնվում են Արագածի և Սիփանի լեռնազանգվածներում, Շիրակի դաշտում : Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազալտի, գրանիտի և մարմարի պաշարներով : Բազալտի պաշարներն այնքան շատ են, որ գործնականում դրանք չսպառվող են համարվում :
Լեռնաշխարհի տարածքում համեմատաբար քիչ են վառելիքային (նավթ, գազ, ածուխ) և նստվածքային ծագման այլ հանքային հարստություններ: Ոչ հարուստ ածխի հանքավայրեր կան Բաբերդում, Կարինից հյուսիս ու արևելք ընկած շրջանում և Օլթի գետի ավազանում: Լեռնաշխարհում նավթագազաբեր շրջանները չափազանց քիչ են: Նավթի փոքր պաշարներով առանձնանում են Արածանիի ավազանը, Վանա լճի և Տիգրիսի վերին հոսանքի շրջանները :
Նստվածքային ծագման օգտակար հանածոներից առավել տարածված է կերակրի աղը, որի հանքավայրերը կապված են Հայկական լեռնաշխարհի տարածքում միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցած ներցամաքային ծովերի ու ծովալճակների հետ: Հայտնի են Նախիջևանի, Կողբի, Կարսի, Օլթիի, Ավանի աղահանքերը :
Հայկական լեռնաշխարհը հարուստ է հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով : Առավել հայտնի են Ջերմուկի, Արզնու, Երզնկայի, Կարնո, Կարսի հանքային աղբյուրները Թոնդրակի հյուսիսային ու արևելյան մասում գտնվող տաք աղբյուրներում, որոնց կոչում են Վարշակի ջերմուկներ, մի շարք ճանապարհորդների վկայությամբ, առանց կրակի տեղացիները ոչխարի միս էին եփում ; Հանքային աղբյուրների շատ ելքեր կան Տիգրիսի վերին հոսանքներում, Ծովք լճի մոտ :
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆ