Հայկական լեռնաշխարհն ընկած է Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող երկրագնդի ամենախոշոր Ալպ-Հիմալայան լեռնային գոտում: Միլիոնավոր տարիներ առաջ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տեղում, եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը: Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25-30 մլն տարի առաջ’ այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, հետագայում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել’ գոյացնելով ծալքաբեկորավոր լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:
Հայկական լեռնաշխարհը չորրորդական ժամանակաշրջանում (շուրջ 2 մլն. տարի) աչքի է ընկել ակտիվ տեկտոնական շարժումներով, երկրաշարժայնության ակտիվացմամբ և լավային արտավիժումներով: Այդ ժամանակաշրջանը հայտնի է լավային արգելափակման լճերի առաջացմամբ, կլիմայի զգալի տատանումներով, որոնց պատճառով տեղի է ունեցել սառցապատման երևույթների զարգացում, գետային ցանցի վերակառուցում: Ներկայումս շարունակվում են երկրակեղևի առանձին բեկորների տարբերակված բարձրացում-իջեցումները: Օրինակ Արագածը, Գեղամա լեռները բարձրանում են տարեկան մի քանի մմ, իսկ Արարատյան, Շիրակի դաշտերը, Սևանա լճի հատակը իջնում են:
Ալպ-Հիմալայան գոտին ամբողջությամբ, մասնավորապես Հայկական լեռանաշխարհը, երկրաշարժային ակտիվ մարզ է, որտեղ երկրաշարժերի ուժգնությունը կարող է հասնել 11 բալի (ըստ 12 բալանոց սանդղակի): Ամենավերջին ուժեղ երկրաշարժերից են Սպիտակինը’ 1988 թ., Երզնկայինը 1992թ. մարտ և Այնթափինը՝ 2023 փետրվար։
Լեռնակազմական գործընթացների արդյունքում ձևավորվել է Հայկական լեռնաշխարհի ներկայիս բարդ մակերևույթը’ բաղկացած Միջնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ կոչվող հատվածից և եզրային լեռնաշղթաներից: Բարձրավանդակում երկրակեղևն ունի 50 կմ հզորություն, որոշ հատվածներում, հատկապես Միջնաշխարհում, ավելի պակաս և նստած է հրահեղուկ թույլոլորտի մագմայի վրա, որտեղ շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում:
Հրաբխականությունն այստեղ շատ ցայտուն է արտահայտված թե արտաժայթուկ և թե ներժայթուկ ձևերով: Արտավիժած լավայի տարածման արդյունքում առաջացել են հրաբխային բարձրավանդակները և սարահարթերը, որոնք զբաղեցնում են Հայկական լեռնաշխարհի զգալի մասը:
Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են էքստրուզիվ կոները առանց խառնարան հրաբուխները, որոնք կազմված են բացառապես թթու լավաներից: Մածուցիկ լավան ոչ թէ հոսել է, այլ հրաբխային մղանցքից դուրս գալով կուտակվել է հրաբխային կոնի կատարին առաջացնելով զառիթափ լանջեր: Այդպես են առաջացել են Սպիտա-կասարը, Գեղասարը,Վարդենիսը, Մեծ Իշխանասարը, Աբուլ-Սամսարը, Կարմիր Փորակը, Մասիսը Մեծ և Փոքր Արարատները և այլն:
Շատ են խառնարանային հրաբուխները, որոնք մեծ մասամբ կազմված են պիրոկլաստիկ նյութերից և բուռն արտավիժումներ են ունեցել: Բացառությամբ Թոնդրակի, մնացած հրաբուխները հանգած են : Հրաբխի դադարից հետո խառնարանը թարմ ձևով պահպանվել է: Խառնարանային կոների մեջ կան այնպիսինները, որոնց կատարին խառնարանային լճեր կան: Այդպիսին են Նեմրութը, Աժդահակը Գեղամա լեռներում, Արմաղանը Սևանի հարավարևմտյան ափամերձ հատվածում: Հայկական լեռնաշխարհի միջլեռնային գոգավորությունները հնագույն ժամանակներից եղել են երկրագործական մշակույթի հայտնի շրջաններ:
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆ