Հայաստանի Հանրապետությունը սակավահող է. ունի ընդամենը 2 միլիոն 974 հազար հեկտար հողային տարածք: 1 շնչի հաշվով’ 0,14 հա: Այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհում վերջին տեղերում է:
Գյուղատնտեսական օգտագործելի հողատատածությունը կազմում է Երկրի տարածքի 71,3%-ը, իսկ վարելահողերը’ ընդամենը 15,2 %: Բնակչության 1 շնչին բաժին է ընկնում 0,657 հա գյուղատնտեսության օգտագործելի հող:
Չնայած տարածքի փոքրությանը, բնակլիմայական պայմանների բազմազանության պատճառով հողերը չափազանց բազմազան են:Հանրապետության տարածքը հիմնականում ծածկված է կամ նստվածքային, կամ էլ հրաբխային ապարներով, որոնց հողմահարման նյութերի վրա զարգանում են տարբեր տիպերի հողեր։
Հայաստանում հանդիպում են հողերի ծագումնաբանական 14 տիպ, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ և տարատեսակներ: Այդ 14 հողատիպերից 7-ը գոտիական են,իսկ մյուսները’ միջգոտիական:
Գոտիական հողատիպերից հիմնականում ձևավորվել են կիսաանապատային գորշ, շագանակագույն, սևահողային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը:
Հողատեսակները փոխվում են ըստ բարձրության՝ վերընթաց գոտիականությամբ: Հանրապետության ցածրադիր շրջաններում տիրապետում են գորշ հողերը: Նախալեռներում հողերը բաց շագանակագույն են: Դրանցից դեպի վեր տարածվում են լեռնաշագանակագույն հողերը և սևահողերը: Այս նույն գոտում տեղտեղ հանդիպում են անտառային գորշ և դարչնագույն հողեր: Ավելի բարձր տիրապետող են դառնում լեռնամարգագետնային, իսկ գագաթամերձ և խոնավ շրջաններում նաև ճմատորֆային հողերը:
Ռելիեֆի որոշ ձևերում գերխոնավացման և մարդու գործունեության հետևանքով ձևավորվել են ոչ գոտիական մարգագետնային գորշ, ոռոգելի, մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտալկալիական, հնահիդրոմորֆ ալկալիական, լճամերձ թույլ զարգացած հողեր:
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ