Menu Close

ՀՀ Ջրագրությունը

Հայաստանի Հանրապետության ջրային պաշարները կազմում են 8.5 մլրդ մ3: Դրա մեծ մասը ձևավորվում է հանրապետության սահմաններում թափվող մթնոլորտային տեղումների հաշվին և միայն 1.4 մլրդ մ3-ի չափով լրացվում է հարևան տարածքներից’ սահմանային Արաքս գետի պաշարների հաշվին:

Հանրապետության տարածքում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է շուրջ 600 մմ կամ տարեկան շուրջ 18.0 մլրդ մ3: Տեղումների 55%-ը (մոտ 10.0 մլրդ մ3) գոլորշիանում է, 39%-ը (մոտ 7.0 մլրդ մ3) վերածվում է մակերևութային հոսքի, իսկ 6%-ը (մոտ 1.0 մլրդ մ3) ներծծվում է հողի մեջ’ առաջացնելով ստորերկրյա հոսք, որից աստիճանաբար սնվում են աղբյուրները և գետակները:

Գետեր

Հանրապետության տարածքում կան 9480 գետ, որոնցից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը ՝ 26-100 կմ, և 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ 101 կմ-ից ավել։

Հանրապետության գետերը պատկանում են Կուրի և Արաքսի ավազաններին: Արաքսի ավազանն ընդգրկում է հանրապետության տարածքի 76%-ը, իսկ Կուրի ավազանը’ 24%-ը: Ջրբաժան գիծն անցնում է Ջավախքի, Փամբակի, Արեգունու և Սևանի լեռների կատարներով։

ՀՀ տարածքում ջրագրական ցանցն ունի անհավասարաչափ տեղաբաշխում: Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ2-ի։  Գետային ցանցն առավել զարգացած է Կուրի ավազանի և Սյունիքի ծալքաբեկորավոր լեռների շրջանում’համեմատաբար խոնավ կլիմայական պայմաններում։Արաքսի ավազանի մեծ մասը հրաբխային ապարների ճեղքոտվածության, մթնոլորտային տեղումների պակասի, ուժեղ գոլորշիացման պատճառով ունի համեմատաբար թույլ զարգացած գետային ցանց: Սյունիքում և Հանրապետության հյուսիս- արևելքում գետային ցանցի խտությունը հասնում է 1,5-2կմ/կմ2, հրաբխային սարավանդներում 0,5-0,6կմ/կմ2, իսկ Արարատյան դաշտում ընդամենը 0,2կմ/կմ2: ՀՀ-ում գետային ցանցի ամենամեծ խտությունը դիտվում է Զանգեզուրում։

Հայաստանի գետերը սնվում են հիմնականում ձնհալքի, անձրևային և ստորերկրյա ջրերով: Սնման ամենակարևոր բաղադիչը ստորգետնյա ջրերն են (30-50%) Սնումից կախված’ գետերն ունեն հոսքի անկայուն ռեժիմ։Հորդանում են առավելապես ապրիլ — հունիսին, երբ թափվում է տեղումների առավելագույնը, և տեղի է ունենում ձնհալք: Գարնանային հորդացումների ժամանակ գետերով անցնում է նրանց տարեկան հոսքի 50-70%-ը: Հորդացումն ավելի թույլ է աշնանը, իսկ ամռանն ու ձմռանը գետերը ծանծաղում են: Ամռանը կապված չոր ու տաք կլիմայական պայմանների հետ, հատկապես Արաքսի ավազանի գետերի մի մասը խիստ ծանծաղում է: Ձմեռային ոչ շատ ցածր ջերմաստիճանների և սրընթաց հոսքի պատճառով գետերը չեն սառցակալում:

Համեմատաբար կայուն ռեժիմ ունեն այն գետերը, որոնք սնվում են առավելապես լճերից ու աղբյուրներից:

Հայաստանի գետերի մեծագույն մասը լեռնային է, սկիզբ է առնում բարձր կամ միջին բարձրության լեռներից, ունի հունի զգալի թեքություն, հետևապես և հոսքի մեծ արագություն: Դրանք հոսում են նեղ ու խորը կիրճերով’ առաջացնելով սահանքներ ու ջրվեժներ: Հայտնի են Ջերմուկի (Արփա գետի ավազանում), Շաքիի (Որոտանի վտակի վրա) և Թռչկանի (Փամբակի վտակ Չիչկանի վրա) ջրվեժները:

Մեծ թեքությունների պատճառով գետերը կատարում են հսկայական էրոզիոն աշխատանք. քայքայում և տեղափոխում են միլիոնավոր տոննա ապարանյութ:

Գետաջրերի մեծ մասն ունի հիդրոկարբոնատի թույլ կամ միջին հանքայնացում։ Ամենաքիչ հանքայնացում ունեն հրաբխային մարզի ջրերը, որոնք խմելու համար լավագույն ջրերն են։

Հանրապետության գետերը նավարկելի չեն, սակայն հարուստ են ջրաէ- ներգետիկ պաշարներով: Գետերի նշանակությունը մեծ է առանձնապես ոռոգման համար:

Լճեր

Հայաստանի Հանրապետությունում լճեր քիչ կան (շուրջ 90 լիճ և լճակ), որոնցից բոլորը քաղցրահամ են, իսկ ծագմամբ’ բազմազան: Այստեղ կան տեկտոնահրաբխային, տեկտոնական, հրաբխային, խառնարանային, սառցադաշտային և այլ ծագման լճեր:

Խոշոր լճերի շարքին է դասվում Սևանա լիճը: Սևանից բացի կան մի շարք փոքր լճեր (0,5 կմ3 ընդհանուր ջրածավալով), որոնք նույնպես գտնվում են մեծ բարձրությունների վրա և աչքի են ընկնում իրենց ջրերի բացառիկ պարզությամբ ու թափանցիկությամբ։

Սևանա լիճը ունի տեկտոնական ծագում։ Գտնվում է մոտ 1900 մետր բարձրության վրա։ Ջրային հայելու մակերեսը 1275 կմ2, ծավալը՝ 35 մլրդ մ3։ Առավելագուն խորությունը մոտ 85 մ է։ Սնվում է իր մեջ թափվող 28 փոքր գետերից և մակերեսին թափվող մթնոլորտային տեղումներից: Լճից սկիզբ է առնում Հրազդան գետը: Սևանում բազմանում են էնդեմիկ իշխան ձուկը, Լադոգա լճից բերված սիգ ձկնատեսակը

Սևանից հետո Հանրապետության ամենախոշոր ջրավազանը Արփի լիճն է: Այն գտնվում է  ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա: Սնվում է աղբյուրներից ու գետակներից: Լճի ելքի մոտ’ Ախուրյան գետի վրա, կառուցվել է 10 մ բարձրության պատնեշ, որի շնորհիվ բարձրացել է լճի մակարդակը, և կուտակված ջրի ծավալը հասել է 105 մլն մ3-ի: Արփի լիճը ջրամբարի վերածելուց հետո նրա մակերեսը ավելացել է 4 անգամ և ալժմ կազմում է 20 կմ2:

Հանրապետության մյուս լճերը շատ ավելի փոքր են: Հրաբխային ծագում ունի Ակնա լիճը Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա:Հրաբխային շրջաններում գոյացած լճերից են Աժդահակի և Արմաղանի խառնարանային լճերը: Սռցադաշտային ծագում ունեն Քարի (Արագած), Սև, Ալ (Սյունիքի բարձրավանդակ), Կապույտ (Զանգեզուրի լեռնաշղթա) լճերը։ Սողանքային պատվարի շնորհիվ է գոյացել Պարզ լիճը (Տավուշի մարզ): Այղր (Մեծամոր) լիճն առաջացել է երկրի խորքային շերտերից բխող աղբյուրների հետևանքով:

Ջրամբարներ

Խոշոր և ջրառատ գետերի վրա էներգետիկ, ոռոգման, կենցաղային և այլ նպատակներով  կառուցվել են շուրջ երկու տասնյակ ջրամբարներ: Հանրապետության բոլոր ջրամբարներում կուտակվում է ավելի քան 1 մլրդ մ3 ջուր:

Առավել խոշոր են Ախուրյանի (525 մլն մ3), Սպանդարյանի (276 մլն մ3), Արփի լճի, Ազատի, Կեչուտի և Ապարանի ջրամբարները:

Արտեզյան ավազաններ

Հանրապետության ջրագրական ցանցի կարևոր բաղադրիչ են։ Դրանց ջրերը գոյանում են կավային ջրամերժ շերտերի միջև: Ամենամեծ պաշարներ ունի Արարատյան արտեզյան ավազանը, որը սնվում է Արարատյան գոգավորությունը եզրավորող լեռներից: Դրա դարավոր պաշարները մոտ 28 մլրդ մ3 են’ գրեթե Սևանա լճի ջրերի ներկա պաշարների չափ: Հայտնի են նաև Շիրակի, Մասրիկի, Փամբակի և Սիսիանի ավելի փոքր ավազանները:

Արտեզյան ջրերի հանքայնացումը մեծ չէ: Դրանք օգտագործվում են ոչ միայն ոռոգման և խմելու, այլև ձկնաբուծության համար:

Ճահիճներ

Հանրապետության տարածքում շատ չեն; Ոչ մեծ արեալներով հանդիպում են Սևանի ավազանում, Լոռու հրաբխային բարձրավանդակում, Ախուրյանի գոգավորությունում։ Ճահիճներր մեծ մասը ճայճացած հողեր են, որոնք ամռան երկրորդ կեսին դառնում են մարգագետիններ։

Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ