Menu Close

ՀՀ Բուսական աշխարհը

 Չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, Հայաստանի Հանրապետությունն աչքի է ընկնում բուսատեսակների ու համակեցությունների չափազանց հարուստ բազմազանությամբ, որն արդյունք է երկրակեղևի բարդ երկրաբանական կառուցվածքի, կլիմայական ու հողային պայմանների խայտաբղետության, ռելիեֆի խիստ կտրտվածության և, որ ամենակարևորն է, ֆլորոգենետիկ տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի: Հանրապետության տարածքում են շփվում բուսաբանական տարբեր մարզերը (Կովկասյան, Իրանական, Արևելամիջերկրածովային)։

Կովկասյան ընդարձակ մարզը (պրովինցիան) բնորոշ է բուսականության մեզոֆիլ տիպերի անտառների և մարգագետինների տիրապետությամբ: Հայկական-Իրանական մարզը (պրովինցիան) բնորոշ է չորասեր տեսակներով կիսանապատային, ֆրիգանոիդ և ծառային բուսականությամբ, ինչպես նաև տրագանտային տափաստաններով: Ծառային բուսականությունը հիմնականում ներկայացված է քսերոֆիլ նոսր անտառներով: Մինչև անգամ ալպյան բուսականությունն այստեղ ենթարկվել է չորայնացման: Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզի ազդեցությունը զգալի է Հանրապետության արևմտյան շրջաններում հատկապես Շիրակի և Արագածոտնի մարզերի տարածքներում:

Հանրապետության բուսաշխարհը ներկայացնում են մոտ 3600 տեսակի անոթավոր բույսեր (Կովկասի ֆլորայի մոտ 60 %-ը), որոնք ընդգրկված են ավելի քան 800 ցեղերում և 160 ընտանիքներում: Հայաստանի տարածքով են անցնում շատ բուսատեսակների տարածման արեալների սահմանները: Հանրապետության ֆլորայի առավել հարուստ ընտանիքներից են Աստղածաղկազգիները (429 տեսակ), Բակլազգիները (346), Դաշտավլուկազգիները (336), Վարդազգիները (210), Կաղամբազգիները (203), Մեխակազգիները (183), Խուլեղինջազգիները (153), Նեխուրազգիները, Հովանոցազգիները (132) ևն, որոնք միասին ներկայացնում են ֆլորայի տեսակային կազմի ավելի քան 55 %-ը:

Հայաստանի բուսական աշխարհի ներկայացուցիչների 123 տեսակը էնդեմիկ է։ Հանրապետության ֆլորայի բնաշխարհիկ տաքսոնները ներկայացնում են 26 ընտանիք, 56 ցեղ և 124 տեսակ, ընդ որում’ ցեղերի առաջին տեղում Pyrus (Տանձենի) ցեղն է. հանրապետությունում հանդիպում է 32 տեսակ, որոնցից 12-ը բնաշխարհիկ են, 6-ը հանդիպում են միայն Վայոց Ձորի Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկ շրջաններում: Երկորդ տեղում է Centaurea (Տերեփուկ) ցեղը, որի ներսում նույնպես բուռն տեսակագոյացման շարժընթաց է նկատվում: Նույնը վերաբերում է նաև Cousinia (Խոզանափուշ) և Astragalus (Գազ) ցեղերին:

Բնաշխարհիկներ են նաիրյան նշենին, հայաստանյան արոսենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Մաղաքյանի ստելերոպսիսը, Տիօլրանի թանթրվենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը ևն: Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի բնաշխարհիկ հացազգիները (ցո-րեն, գարի, աշորա, վարսակ): Ըստ ռուս բուսաբան Ն. Վավիլովի’ Հայաստանն Առաջավոր Ասիայում հասկավոր հացա- բույսերի առաջացման բնօրրաններից է

Հանրապետության ֆլորայի կազմում զգալի են նաև մնացորդային (ռելիկտային) տեսակները, որոնց մեծ մասը ծառեր ու թփեր են, օր.’ ունաբին, կենին, սոսին, արջատխլենին, խնկենին, գիհին, գայլահատը, մրտավարդը, պարիլյակը, սովորական բաղեղը” Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպը, սպիտակ և դեղին ջրաշուշանները, ենթալպյան բարձրախոտերը, պտերները։ 

Բուսականության տեսակային կազմի տարածքային տարբերությունը համընկնում է կլիմայի և հողերի վերընթաց գոտիականությանը: Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսանապատային գոտու, իսկ բարձրադիր մասերը’ ալպյան գոտու բուսականությամբ: Հանրապետության անտառային ֆոնդը կազմում է 459900 հա, որից անտառածածկ է 334100 հեկտարը կամ ընդհանուր տարածքի 11,2%-ը։

Հայաստանի Հանրապետության և Արցախի բուսականությունը

Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ