Menu Close

ՀՀ Կենդանական աշխարհը

Հայաստանի Հանրապետությունն աչքի է ընկնում կենդանական աշխարհի հարուստ բազմազանությամբ և բնաշխարհիկ, մնացորդային (ռելիկտային) ու հազվագյուտ տեսակների առատությամբ, կենդանատեսակների բազմազանությամբ Կովկասի առավել ուշագրավ շրջաններից է:

Հանրապետությյան ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ: Ողնաշարավորների ֆաունան ներկայացված է 536 տեսակներով. 83-ը կաթնասուններ են, 353-ը’ թռչուններ, 53-ը’ սողուններ, 8-ը’ երկկենցաղներ, 39-ը’ ձկներ, անողնաշարավորներ’ ավելի քան 11000-ը: Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին: Դրանցից են հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը և այլն

Հայաստանի բնաշխարհիկ կենդանատեսակները պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մարեհավ ևն), Փոքր Կովկասի (Դարևսկու իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես), Ատրպատականաարևելահայկական (հայկական լեռնատափաստանային իժ, հայկական էյրենիս, Ռադդեի իժ, Դալի ավազամուկ) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք մողես, սևավիզ քարաթռչնակ, վայրի հնդկահավ, հայկական որոր ևն) բնաշխարհիկ խմբերին: Հանրապետության մնացորդային կենդանատեսակներից են փափկամարմինների 6 տեսակ’ Տրոշելի խխունջը (Bithynia trosheli), կատարավոր խխունջը (Planorbis carinatus), սյունաձև խխունջը (Columella columella), նեղ խխունջը (Vertigo angustior), բուլղ. խխունջը (Orculella bulgarica), սեղմված խխունջը (Musculium strictum), երկկենցաղներից’ սովորական տրիտոնը (Triturus vulgaris), թռչուններից’ տուրպանը (Melanitta fusca), թավշաոտ բուն (Aegolius funereus):

Հայաստանը գտնվում է հոլարկտիկական կենդանաաշխարհագրական մարզի պալեոարկտիկ բաժնի այն հատվածում, որտեղ միմյանց են շփվում երեք օկրուգներ.Իրանական, Փոքրասիական և Կովկասյան։

Իրանական մարզն ընդգրկում է Կուր-Արաքսյան դաշտավայրին կից նախալեռները, Մեղրու տարածաշրջանի մերձարևադարձային գոտին և ծայր հյուսիս- արևելքը։ Բնորոշ ներկայացուցիչներից են պարսկ. կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը (սողուններ), շիկապոչ քարաթռչնակը, իրան, ճոճահավը (թռչուններ), Դալի ավազամուկը, մուֆլոնը (կաթնասուններ) և այլ տեսակներ:

Փոքրասիական ֆաունայի բնորոշ տեսակները հանդիպում են Արաքսի հովտի կիսաանապատներում, Շիրակի, Լոռվա և Սևանի ավազանի լեռնային տափաստաններում։ Մարզի ներկայացուցիչներից են փոքրասիական տրիտոնն ու գորտը (երկկենցաղներ), փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը (սողուններ):

Պոնտոս — Կովկասյան ֆլորան ներառում է հանրապետության հյուսիսային, հյուսիսարևելյան, ինչպես նաև հարավային (Զանգեզուրի) անտառային շրջանները և ապա ողջ բարձր լեռնային գոտին: Մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը (սողուններ), սպիտակախածի կեռնեխն ու կովկասյան մարեհավը (թռչուններ):

Հանրապետության կենտրոնական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները: Կան նաև Եվրասիբիրյան ծագման մի շարք տեսակներ:

Կենդանական աշխարհի տեղաբաշխումը համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով շատ տեսակներ հանդիպում են գրեթե բոլոր գոտիներում (նապաստակ, գորշ արջ, աղվես, գայլ): Հանրապետության ֆաունայի գերիշխող մասը հարմարված է տաք ու չորային նախալեռների և միջին բարձրության լեռների’ կիսաանապատային, չոր տափաստանային լանդշաֆտներին:

Հայաստանը քոչող կենդանիների և չվող թռչունների համար տարանցիկ ճանապարհների խաչմերուկ է: Լեռնային ռելիեֆով պայմանավորված լանդշաֆտային բազմազանությունը, գետային բավարար ցանցն ու առանձին խոշոր ջրավա-զաններն օժանդակում են չվող թռչունների և խոշոր կաթնասունների տեղաշարժերին, որոնք իրենց հերթին նպաստում են կենդանական բազմազանության զարգացմանը: Չվող տեսակներից են ծիծեռնակնրը, կռունկները: Սեզոնային տեղաշար¬ժեր են կատարում մուֆլոնն ու հովազը:

 Հայաստանի Հանրապետության և Արցախի կենդանական աշխարհը

Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ