Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային հատվածում:
Տարվա ընթացքում Հանրապետության տարածքում տիրապետում է օդային զանգվածների արևմտյան հոսքը: Տարվա ցուրտ կեսին հանրապետության տարածք են ներթափանցում բարեխառն, իսկ երբեմն’ արկտիկական օդային զանգվածները: Գոգավորություններում ձմռանը հաճախ առաջանում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա):
Տարվա տաք կեսին Հանրապետության տարածքում տիրապետում է Իրանական բարձրավանդակից և Արաբական անապատների տարածքից ներթափանցող արևադարձային տաք և չոր օդը:
Ռելիեֆով, արևափայլքով, օդի ճնշմամբ և մթնոլորտային տեղումներով պայմանավորված՝ Հայաստանում առանձնացնում են կլիմայական 8 գոտի՝ չոր մերձարևադարձային, չոր խիստ ցամաքային, չափավոր շոգ, չափովոր ցամաքային, չոր ցամաքային, բառեխառն լեռնային, ցուրտ լեռնային և ձնամերձ լեռնային։
Մթնոլորտային ճնշում
Մթնոլորտային ճնշման տարեկան միջին մեծությունները Հանրապետության տարածքում տատանվում են 1015,7 — 1018,6 մբ սահմաններում։ Ձմռանը գերիշխում է բարձր, իսկ ամռանը’ ցածր մթնոլորտային ճնշումը:
Հունվարին ճնշման միջին մեծությունները կազմում են 1028,2 — 1029,9 մբ, հուլիսին’ 1009,6 — 1004,4 մբ:
Մթնոլորտային ճնշման տարեկան միջին արժեքը ՀՀ ցածրադիր շրջաններում (627 մ, Մեղրի) 940,6 մբ է, բարձրլեոնային շրջաններում (3229 մ, Արագած բլկ)՝ 686,6 մբ։ Նվազագույն ցուցանիշները դիտարկվում են հունվարին (Մեղրի’ 936,2, Արագած՝ 680,3 մբ), առավելագույն’ հուլիսին (Մեղրի’ 942,3, Արագած՝ 691,3 մբ):
Երևանում (907 մ) մթնոլորտային ճնշման առավելագույն արժեքը’ 934,1 մբ (700,63 մմ սնդիկի սյուն), դիտվում է ցուրտ ամիսներին, նվազագույնը’ 877,7 մբ (658,32 մմ սնդիկի սյուն.)’ հուլիսին:
Օրվա ընթացքում դիտվում են մթնոլորտային ճնշման 2 առավելագույն (9-10 և 21-22 ժամերին) և 2 նվազագույն (3-4 և 13-16 ժամերին) արժեքներ:
Արևափայլք
Տարածքին բնորոշ է արևային կլիմա։ Երևանում Արեգակի բարձրությունը կեսորին հորիզոնի նկատմամբ դեկտեմբերին հասնում է 28°, հունիսին՝ 71°, ցերեկվա ժամերը՝ 5 ժ 3 ր — 9 ժ 17 ր։։
Արեգակի տարեկան ճառագայթման հաշվեկշիռը դրական է և տատանվում է 40 — 70 կկալ/ քռ․կմ սահմաններում, սակայն լեռնային ռելիեֆի պատճառով, սկսած 3200 մետրից, այն դառնում է բացասական։
Արեգակնային ուղիղ ճաոագայթմաև ուժգնության ամենամեծ արժեքներ դիտվում են հունիսից օգոստոսը, առավելագույնը’ հուլիսին, նվազագույնը’ դեկտեմբերի երկրորդ կեսին: Արեգակնային ճառագայթման առավելագույն ուժգնությունը Արագած բարձրալեռնային կայանում է (1,74-1,75կալ/քռ․սմ): Երևանում այն կազմում է 1,57-1,58 կալ/քռ․սմ, Սևանա կղզում՝ 1,69 կալ/քռ․սմ րոպե:
Օրվա ընթացքում ամեմամեծ գումարային ճառագայթում լինում է մոտ կեսօրվա ժամերին, իսկ ամենափոքրը ժամը 17-18-ին՝ կապված երեկոյան ամպամածության հետ:
Հանրապետության տարածքում արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1930 ժամից (Իջևան) 2780 ժամ(Մարտունի) է։ Առավել տևական է Արարատյան դաշտում և Սևանի ավազանում։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն տևողությունը դիտվում է դեկտեմբերին՝ օրական 2 ժամից (Արտաշատ) 5,5 ժամ (Մարտունի), իսկ առավելագույնը՝ հուլիսին օրական 6,4 ժամից (Վանաձոր) 11,9 ժամ (Արենի)։
Առանց արևափայլքի օրերի տարեկան միջին թիվը 19 ժամից (Սևանի թերակղզի) 64 ժամ (Իջևան) է։ Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, հատկապես Լոռվա դաշտում և Իջևանում ամպամած օրերի թիվն ամենամեծն է: Բարձրալեռնային գոտում, համարյա 6 ամսվա ընթացքում’ նոյեմբերից ապրիլը ներառյալ, արևափայլով ժամերի փաստացի թիվը հնարավորի համեմատությամբ 50%-ից պակաս է:
Ջերմաստիճան
Ըստ բարձրության, յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է 0,55°-ով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -2,7°C-ից (Արագածի գագաթ) մինչև +13,8°C- (Մեղրի)։
Հանրապետության տարածքում ամենացուրտ ամսվա’ հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է +1,2°C և -12,8°C-ի միջև: Օրվա առանձին ժամերին օդի ջերմաստիճանը կարող է ավելի իջնել: ՀՀ տարածքում օդի ամենացածր ջերմաստիճանը (-46°C) գրանցվել է Արփի լճի գոգավորությունում գտնվող Պաղակն բնակավայրում, որտեղ սառը օդը կուտակվելով, առաջացնում է պարզկա եղանակներ և դրանով իսկ նպաստում երկրամերձ օդի առավել պաղելուն:
Ամենատաք ամիսների (հուլիս, օգոստոս) միջին ջերմաստիճանը տատանվում է +9°C-ից +26°C-ի միջև, առավելագույնը (+43°C) գրանցվել է Արարատյան դաշտում (Երասխ)։
Ձմռանն օդի ջերմաստիճանի օրական նվազագույն արժեքը դիտվում է ժամը 7-8-ին, առավելագույնը՝ 13-14-ին։ Ամռանը՝ համապատասխանաբար՝ ժամը 4-5 և 14-15-ին։ Լինում են նաև ոչ պարբերաբար փոփոխություններ։
Տեղումներ
Ըստ բարձրության Հանրապետության տարածքում ավելանում է տեղումների քանակը և առավելագույնին է հասնում Արագածի գագաթամերձ մասում: Տեղումների քանակի տատանումները մեծ են՝ 230 — 1100 մմ: Ամենաշատ տեղումներ թափվում են եզրային լեռների հողմակողմ լանջերին, իսկ ամենաքիչը՝ ցածրադիր միջլեռնային գոգավորություններում, հատկապես Արարատյան դաշտում (230-300 մմ): Միջին բարձրության լեռնային գոտում տեղումների քանակը հասնում է 600-700 մմ:
Տարվա ընթացքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ: Առավելագույնը թափվում է մայիս-հունիսին, նվազագույնը’ օոգոստոսի կեսերին — սեպտեմբերի սկզբներին և ձմռանը: Գարնան վերջին և ամռան սկզբին տեղումները կրում են տեղատարափ բնույթ’ պատճառ դառնալով հեղեղների և սելավների առաջացման։
Ձմռանը հանրապետության տարածքում տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով: Սակայն ցածրադիր գոտում’ Մեղրիում, Դեբեդի ստորին ավազանում, մասամբ’ Արարատյան դաշտում, կայուն ձյունածածկույթ չի գոյանում: Բարձրադիր գոտում ձյունածածկույթը պահպանվում է մինչև ամռան կեսերը, իսկ բարձր լեռներում (Արագած, Կապուտջուղ) ձնաբծերը պահպանվում են ողջ տարին:
Ըստ բարձրության՝ ավելանում է նաև մթնոլորտայի տեղումներով օրերի թիվը․ Արարատյան դաշտում՝ 80, Գառնահովտում՝ 130, Սևանում՝ 136 և Արագածի գագաթին՝ 179 օր։
Խոնավություն
Բացարձակ խոնավության բարձր արժեքները դիտվում են ամռանը, Հանրապետության հյուսիս — արևելքում՝ հուլիսին հասնելով 16-17 մբ-ի, իսկ նվազագույնը’ հունվարին, բարձրալեռնային գոտում’ մոտ 2 մբ-ի: Հարաբերական խոնավությունը տարվա տաք կեսին նվազում է՝ օգոստոս — սեպտեմբերին հասնելով 32-45 %: Առավելագույնը դիտվում է ձմռանը բարձրլեռնային գոտում (80-90 %):
Ջրի գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքները ՀՀ-ում դիտվում են հունվար-փետրվարին,ին, առաավելագույնը՝ հուլիս-օգոստոսին։
Հանրապետության տարածքին բնորոշ է քամու փոփոխական ռեժիմը: Տարվա ընթացքում գերիշխում են հիմնականում արևմտյան օդային հոսանքները: Սակայն լեռնային ռելիեֆի պայմաններում, հատկապես ցածրադիր վայրերում, օդային հոսանքները շեղվում են իրենց նախնական ուղղությունից: Օդային հոսանքների արևմտյան ուղղությունը շուրջ տարին պահպանվում է միայն 2500-3000 մետրից բարձր լեռներում:
Հանրապետության տարածքին բնորոշ են բրիզը, ֆյոնը և լեռնահովտային քամիները: Բրիզը բնորոշ է Սևանա և Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին: Սևանա լճի ավազանում (հատկապես’ Մասրիկի դաշտում) դիտվում է ապրիլ- հոկտեմբերին: Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1.8 մ/վ է, ցամաքից փչողինը’ մինչև 2,4 մ/վ։
Ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին (հատկապես Գավառի շրջակայքում) և Զանգեզուրին: Այն առավել ցայտուն է արտահայտված Սևանա լիճ — Աղստևի հովիտ հատվածում, որի ազդեցությամբ Դիլիջանում և Իջևանում ձմռանն օդի հարաբերական խոնավությունն ավելի ցածր է, քան ամռանը։
Լեռնահովտային քամիները Հանրապետության տարածքում դիտվում Են գրեթե ամենուր, հատկապես ամռանը’ պարզկա եղանակին: Արարատյան գոգավորությունում ուժեղանում են հունիս-սեպտեմբերին ( 3-20 մ/վ): Հովտային քամին սկսվում է առավոտյան. կեսօրին արագությունը հասնում է առավելագույն արժեքին: Երեկոյան (մոտավորապես ժամը 18-19-ին) սկսվում է լեռնային քամին, որը ժամը 22-23-ին հասնում Է առավելագույն արագության: Երևանում սկսվում են մայրամուտից առաջ’ ժամը 16-17-ին. ամռանը դրանց շնորհիվ գիշերները համեմատաբար գով են։
Կլիմայական եղանակները
Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, կախված տեղանքի բացարձակ բարձրությունից, տարվա կլիմայական սեզոնների տևողությունները տարբեր են:
Բարձրալեռնային գոտում’ 2500 մ-ից բարձր տեղամասերում, խիստ ձյունառատ ձմեռը տևում է 7-8 ամիս’ հոկտեմբերից մայիս: Միջին բարձրության լեռնային գոտում (1500-2500մ բարձրություններ) ձմռան տևողությունը երկու ամսով կարճ է. սկսվում է մեկ ամիս ուշ և ավարտվում’ մեկ ամիս շուտ:
Ցածրադիր գոտում (մինչև 1300-1500մ բարձրություններ) ձմեռն ավելի կարճատև է. հիմնականում սկսվում է դեկտեմբերի կեսերին և ավարտվում’ փետրվարի վերջին: Մեղրի բնակավայրի տարածքում ձմեռը տևում է երեք շաբաթ և շատ հաճախ նույնիսկ կայուն ձնածածկույթ չի առաջանում: Գրեթե նույն պատկերն է նաև հանրապետության ծայր հյուսիսի և հյուսիս-արևելքի որոշ վայրերում (Նոյեմբերյան և Իջևան): Այստեղ կայուն ձյունածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը չի իջնում -1°- 5°-ից:
Գարունը, կախված տեղանքի բարձրությունից, կարող է տևել 1,5 — 8 ամիս: Գարնան սկիզբը հանրապետության տարածքում ձգձգվում է 5 ամսով հունվարից մայիս (օրինակ, Մեղրիում գարնան սկիզբը հունվարի վերջն է, իսկ բարձրալեռնային գոտում մայիսի վերջը):
Ամառը ցածրադիր գոտում տևում է մայիսի երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի սկիզբը’ օդի +24°-+26° միջին ջերմաստիճանով: Բարձրալեռնային գոտում ամառը կարճատև է ու զով: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը +15-ից բարձր չի լինում:
Աշնան սկիզբն է համարվում այն ժամանակահատվածը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը է 15° —ից ցածր է։ Այն հատկապես արտահայտիչ է հանրապետության ցածրադիր, մասամբ նաև միջին լեռնային գոտում։
Վտանգավոր երևույթներ
Հայաստանի առավել տարածված ջրաօդերևութաբանական վտանգավոր երևույթներից են սելավները, ջրհեղեղը, փոթորիկները, ձնահոսքերը, երաշտը, խորշակները, կարկուտը, ցրտահարությունները։
Սելավներից պարբերաբար տուժում է Հանրապետության տարածքի մոտ 30%-ը վտանգավոր ջրաբանական երևույթից։ Նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն, հատկապես Լոռիի և Տավուշի մարզերում։
Հանրապետության տարածքում տարվա տաք կեսին դիտվում են փոթորկանքներ և պտտահողմեր: Քամու արագությունը փոթորկանքի դեպքում կարող է հասնել մինչև 25-40 մ/վ-ի: Փոթորկանքները հաճախ ուղեկցվում են հորդառատ տեղումներով, ամպրոպներով և հնարավոր է’ կարկուտով:
Երբեմն առաջանում են մրրիկային շարժումներ — պտտահողմեր /սմերչ/։ Պտտահողմի շարժման արագությունը լինում է 30-40 կմ/ժ, իսկ նրա ներսում քամու արագությունը կարող է հասնել մինչև 40-50 մ/վ: Պտտահողմերը դիտվել են Դիլիջանում, Վանաձորում, Երևանում: Պտտահողմերը դիտվում են տարվա տաք կեսին’ հզոր կույտաանձրևային ամպերի շրջանում և ունենում են մեծ քայքայիչ ուժ:
Հայաստանում ձնահոսքերի տարածման շրջաններն են’ Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հատվածները։
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ