Հայաստանի Հանրապետությունը տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Տարածքի մակերևույթը կազմում է նորագույն տեկտոնական շարժումների հետևանքով առանձին բեկորների տրոհված ծալքավոր կառուցվածքը, որը գոյացել է Կուր- Արաքսյան միջագետքում։
Ռելիեֆի այդ կմախքը հանրապետության սահմաններում հանդես է գալիս մոտավորապես իրար զուգահեռ մի քանի կառուցվածքային զոնաներով, որոնք տարածվում են ուռուցիկ կողմը դեպի հյուսիս-արևելք ուղղված աղեղների ձևով հարավ-արևելքից’հյուսիս- արևմուտք ուղղությամբ:
Հանրապետության տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1800 մ է։ Մակերևույթի 9,9 %-ն ունի մինչև 1000 մ բարձրություն, 18,3 %-ը’ 1000-1500 մ, 31,3 %-ը’ 1500-2000 մ, 24,5 %-ը’ 2000-2500 մ, 16 %-ը 2500 մ-ից բարձր է:
Հանրապետության ամենացածրադիր վայրերն ունեն 375 մ (Դեբեդի հովիտ, Բագրատաշեն գյուղից 2 կմ հս.) և 380 մ (Արաքսի հովիտ, Նռնաձոր գյուղ)։ Հանրապետության ամենաբարձր կետը Արագածի լեռնագագաթն է (4095 մ): Այսպիով Հանրապետության տարածքի առավելագույն և նվազագույն բացարձակ բարձրությունների տարբերությունն անցնում է 3700 մ-ից:
Ռելիեֆի նման բնույթը դժվարացնում է նաև գյուղատնտեսության մեքենայացումը: Հանրապետության լեռնային պայմաններում լայն տարածում ունեն սելավները, փլուզումները, սողանքները, ձնահյուսքերը, որոնց դեմ հարկ է լինում թանկարժեք պայքարի միջոցներ մշակել: Տնտեսության, հատկապես շինարարության, իրականացումը զգալիորեն բարդանում է ակտիվ սեյսմիկության պատճառով:
Բնական է, որ լեռնային մասնատված ռելիեֆը մեծապես ազդում է նաև բնակչության տեղաբաշխման վրա: Համեմատաբար խիտ բնակեցված են նախալեռնային և միջին լեռնային գոտու հարթավայրերը և թույլ թեքության լանջերը:
Հանրապետության բազմազան մակերևույթը գիտնականները բաժանում են չորս լեռնագրական մարզի՝ հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռներ, հրաբխային լեռնավահաններ և սարավանդներ, հարավային ծալքաբեկորավոր լեռներ և միջարաքսյան գոգավորություն։
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ