Menu Close

ՀՀ Օգտակար հանածոները

Երկրաբանական պայմանների ու ռելիեֆի ձևերի զարմանալի բազմազանությամբ է բացատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված օգտակար հանածոների բազմազանությունը:

Մետաղական օգտակար հանածոներից հայտնի են պղնձի, մոլիբդենի, ալյումինի հումքի, ոսկու, երկաթի, ցինկի, կապարի, մանգանի, քրոմի, ծարիրի, զառիկի, սնդիկի հանքավայրեր ու երևակումներ, որոնք պարունակում են նաև հազվագյուտ ու ցրված տարրեր:

Մետաղական օգտակար հանածոների շարքում ամենակարևորը պղնձամոլիբդենային հանքավայրերն են: Մոլիբդենի համաշխարհային ընդհանուր պաշաղների 5,1 %-ը և հաստատված պաշաղների 7,6 %-ը Հայաստանի Հանրապետության տարածքում են: Պղնձի և մոլիբդենի պաշաղների մեծ մասը (ավելի քան 90 %-ը’ 1 մլրդ տ-ից ավելի) կենտրոնացած է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքադաշտում: Խոշոր է նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը (հետախուզված պաշաղները’ 460 մլն տ)։ Պղնձի և մոլիբդենի ավելի փոքր պաշաղներ կան Ագարակի և Ալավերդու հանքավայրերում, որոնք շահագործվում են XIX դ-ի վերջից:

Հայաստանի Հանրապետության տարածքը հարուստ է նաև ոսկու և բազմամետաղների պաշաղներով: Ոսկու մաքուր պաշաղները գնահատվում են շուրջ 268 տ: Ոսկու խոշորագույն հանքավայրը Սոթքում է՝ մոտ 120 տ: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում ոսկու պաշարները մոտ 40 տ են, Ամուլսարի ոսկու հանքավայրում’ 40 տ, Շահումյանի ոսկի-բազմամետաղ հանքավայրում’ 40 տ, Մեղրաձորի ոսկու հանքավայրում’ մոտ 22 տ:

Բազմամետաղների հանքավայրերից առավել նշանավոր են Արմանիսի, Ախթալայի, Գլաձորի հանքավայրերը:

Հանրապետության տարածքում կան այլումինի հումքի’ նեֆելինային սիենիտների հանքավայրեր, որոնցից ամենախոշորը Թեժ լեռան հանքավայրն է:

Երկաթի հանքավայրերը Հանրապետության կենտոնակկան, հյոիսիսային և հարավ-արևելյան մասերում են: Աբովյանի (Կապուտան) ապատիտամագնետիտային հանքավայրի հետախուզված պաշարները մոտ 244 մլն տ են (միջին պարունակությունը’ 28 %), Հրազդանի մագնետիտային հանքավայրինը’ 50 մլն տ (միջին պարունակությունը’ 32 %): Սվարանցի երկաթի տիտանամագնետիտային հանքավայրը խոշորագույնն է Այսրկովկասում, որի պաշարները մոտ 800 մլն տոննա են  (միջին պարունակու-թյունը’ 20 %): Կողբի երկաթի հանքավայրի կանխատեսված պաշարները 2 մլն տ են (միջին պարունակությունը’ 30,5 %): Հանրապետության տարածքում կան նաև քրոմի (Շորժա), մանգանի (Սարիգյուղ, Սևքար), ծարիրի (Ամասիա), սնդիկի, արսենի ոչ մեծ հան¬քավայրեր ու երևակումներ:

Հազվագյուտ մետաղներից կան ռենիումի, սելենի, վանադիումի, ինդիումի, գալիումի, կադմիումի, տիտանի, վանադիումի, ուրանի պաշարներ:

Ոչ մետաղական օգտակար հանածոներից հայտնի են բարիտի, ծծմբահրաքարային (Լոռու, Տավուշի մարզեր), քարաղի (Մերձերևանյան շրջան), ֆոսֆորիտային (Ուրծի լեռնաշղթա), բազալտի, անդեզիտաբազալտի, անդեզիտի (հանրապետության ողջ տարածքում), գրանիտի, գրանոդիորիտի, դունիտի և այլ ներժայթուքային ապարների (Փամբակի, Բազումի լեռնաշղթաներ), հրաբխային խարամի (Շիրակի, Գեղարքունիքի մարզեր), կրաքարի ու տրավերտինների (Լոռու, Սյունիքի, Արարատի մարզեր), մարմարի (Արզական, Արարատ, Խոր Վիրապ), պեմզայի (Անիպեմզա), տուֆի (Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզեր), օբսիդիանի ու պեռլիտի (Արտենի լեռ, Հատիս լեռ, Գութանասար, Սպիտակասար, Գեղասար), բենտոնիտային կավերի (Տավուշի մարզ) հանքավայրերը:

Հայաստանի Հանրապետության տարածքը հարուստ է նաև հանքային ջրերով (Ջերմուկ, Արզնի, Բջնի, Դիլիջան», Լիճք․Հանքավան,Սևան), որոնց մի մասի բուժիչ հատկությունները հայտնի են նաև արտերկրում: Հանրապետությունում կան հանքային ջրերի շուրջ 700 ելքեր, որոնց ընդհանուր ծախսը կազմում է 1000լ/վրկ: Դրանց ջրերի ջերմաստիճանը տատանվում է 4,0-64,50 –ի սահմաններում, բայց մեծ մասն ունի 20°-ից ցածր ջերմաստիճան: Հանքային ջրերի մեծ մասը հիմնականում ունի ածխաթթվային բաղադրություն, բայց կան նաև ածխաթթվածծմբաջրածնային, սուլֆատա-քլորիդային, սուլֆատա- նիտրատային և այլ բաղադրության ջրեր:

Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ