Հանրապետության տարածքը Ալպ-Հիմալայան (Միջերկրածովյան) ծալքավոր գոտու Անատոլիա-Կովկաս-Իրան հատվածի ներքին գոտում է. ընդգրկում է Փոքր Կովկասի ծալքավոր լեռնաշղթաներն ու Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսարևելյան մասը: Տեղաբաշխված է Աֆրիկա -Արաբական և Եվրասիական խոշոր մայրցամաքային սալերի միջև, որոնք ժամանակին տարանջատված են եղել Թետիս օվկիանոսով:
Հանրապետությունում առանձնացված են Վիրահայոց — Ղարաբաղի ալպյան, Բազում-Զանգեզուրի միջինալպյան, Մերձարաքսյան միջինալպյան, Ուշալպյան ժամանակաշրջանների միջլեռնային իջվածքների ծալքերի զոնաները:
Երկրաբանական կառուցվածքի առումով’ Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ամենայուրատիպ տարածքներից է: Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները’ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային համալիրներից մինչև անթրոպոգենի հրաբխային ապարներն ու լճագետային գոյացումները:
Մինչքեմբրի փոխակերպային ապարները Հանրապետության տարածքում մերկանում են Ծաղկունյաց, Տավուշի կամարածալքերի միջուկներում: Վերին պալեոզոյան ապարներն առավել տարածված են Երևան-Վեդի ենթազանգվածում, Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հարավ-արևմտյան մասում ներկայացված են ավազաքարերով, քվարցային ավազաքարերով, կավերով, ավազակավային ու ավազային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով: Պերմի կրաքարերը վերին դևոնի և ստորին կարբոնի վրա տեղաբաշխված են աններդաշնակ: Վեդի գետի ավազանում կան տրիասի ածուխներ:
Մեզոզոյան (յուրա — ստորին կավիճ) ապարները տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի կամարածալքերի միջուկներում, ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Իջևանում յուրայի նստվածքները պարունակում են ածուխներ: Տրիասի նստվածքները տարածված են Երևան — Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում’ ածխաբեր նստվածքներով: Վերին կավճի նստվածքները տարածված են Ալավերդու, Կապանի և Բազում-Ձանգեզուրի մերձարաքսյան գոտիներում. ներկայացված են կարբոնատային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Վերին կավճի ժամանակ տեղի է ունեցել ամենամեծ ծովածավալումը, և ողջ Հայաստանի տարածքը ծածկվել է ջրով:
Կայնոզոյան գոյացումները տարածված են առավելապես Հանրապետության կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոնական գոտի): Պալեոգենի ապարները ներկայացված են բոլոր հարկերով և կազմված են հրաբխանստվածքային, կարբոնատային ու ֆլիշային նստվածքաշերտերից: Նեոգենի գոյացումները ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագրական բաժիններով: Միոցենի վաղ, միջին, ուշ բաժիններին բնորոշ են հիմնականում ծովային, ծովալճային և ցամաքային մոլասային կազմավորումները, տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում’ ավազաքարերի, մասամբ’ կրաքարերի, կավերի (հաճախ’ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով: Պլիոցենի գոյացումներն առավել տարածված են Հրազդան և Ազատ գետերի միջակայքում, Վարդենիսի, Գեղամա, Զանգեզուրի, Ծաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում:
Ուշ պլիոցենում ուժգին տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ակտիվ հրաբխականությամբ: Այդ հասակի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում, ինչպես նաև Արագածի և հշխանասարի հրաբխային զանգվածներում, Գեղամա լեռնավահանի զգալի մասում, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդներում:
Պլիոցենից սկսած’ Հանրապետության տարածքը մտել է երկրաբանական զարգացման ցամաքային փուլ, տեղի է ունեցել ծովի վերջնական նահանջ: Ստորին և վերին պլիոցենի գոյացումները ներկայացված են լճային, ցամաքային և տարբեր կազմերի հրաբխաբեկորային ֆացիաներով: Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը)-հոլոցեն ժամանակահատվածում ՀՀ տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը:
Հրաբխային արտավիժումները զբաղեցնում են Հանրապետության տարածքի մոտ 1/3-ը: Հայաստանը ներժայթուքային մագմայականության երկիր է: Նորագույն ժամանակաշրջանի առաջացուքներ են նաև սառադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները:
Հանրապետության տարածքում լայնորեն տարածված են հատկապես երիտասարդ պլիոցեն — անթրոպոգենի մեծ և փոքր հրաբուխների գործունեության հետևանքով արտավիժված ու արտանետված դոլերիտային, բազալտային, բազալտ-անդեզիտ-ռիոլիտային և այլ կազմերի լավային հոսքերը, ծածկոցները, հրաբխային կոները, տուֆերը, իգնիմբրիտներն ու բեկորային առաջացումները: Դրանք իրենց ծագումնաբանական, կառուցվածքաձևաբաական առանձնահատկություններով ձևավորում են Ջավախքի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Քանաքեռ — Եղվարդի հրաբխային շրջանները:
Երկրաշարժեր և սողանքներ
ՀՀ տարածքը երկրակեղևի շարժուն մարզերից է. ներառված է Ալպ-Հիմալայան երկրաշարժների գոտու մեջ: Առանձնացվում են Արարատյան [ընդգրկում է Դվինի (երկրաշարժը’ 893- ին), Գառնու (1679), Արարատի (1840), Գյումրիի (1926), Զանգեզուրի (1931, 1968), Վայոց ձորի (735, 906)], Սևան — Հրազդանի [ընդգրկում է Ծաղկաձորի (1827), Ծովագյուղի (1863), Սպիտակ- Վանաձորի (1916, 1967, 1988)] երկրաշարժաակտիվ վերնակենտրոնային խմբերը: Ամենաուժգինն ու կործանարարը Սպիտակի 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր:
Հանրապետությունում ա տարբեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեբեդ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստև, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում։
Վերադառնալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ