2024 թվականի սեպտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքը, որի ընդունումը միտված էր կարգավորելու ոլորտը: Սակայն առկա բացթողումները կարող են բերել անվերահսկելի զարգացումների։
Հապճեպ գրված և ընդունված փաստաթուղթն առաջին օրվանից առաջացրել է բազամաթիվ հարցեր. ակնհայտ է, որ այն մշակվել է ոչ թե որպես հիմնարար նախաձեռնություն, այլ մի քանի խմբերի կողմից չփոխկապակցված առաջարկությունների հավաքածու։ Եւ միայն օրենքի ստորագրումից հետո սկսվեց թերությունների շտկելու, կարգավորում փնտրելու գործընթացը, որը ևս հեռու է մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ներգործությունից։
Այդպես էլ պարզ չէ, որ չափորոշիչներ են ներդրվելու զբոսավարների որակավորման գործընթացում, ովքեր են ներգրավված լինելու այդ պրոցեսում, ինչպես են բացառվելու կոռուպցիոն ռիսկերը։ Չկան երաշխիքներ, որ օրենքը չի ծառայելու տնտեսավարողների նեղ խմբերին, չի առաջացնի դաշտի լճացում, առողջ մրցակցության ոչնչացում։
«Հայաստանի տուրիստական ծառայություններ մատուցողների միություն» հասարակական կազմակերպությունը վերահսատատում է, որ․
- Պաշտպանում է զբոսավարների և ուղեկցորդների, ծառայություն մատուցող այլ սուբյեկտների տնտեսական ազատ և անկաշկանդ օրինական գործունեությունը,
- Հետեւողական է ազատ, մատչելի, ազգային հիմքերից բխող որակավորման գործընթացի իրականացմանը։
- Հետեւողական է եկամտահարկի և հարկային այլ պարտավորությունների թափանցիկ, դյուրին և անկաշկանդ իրագործմանը։
- Հետևողական է առողջ մրցակցության, տնտեսական անձեռնմխելիության, մարդու իրավունքների պաշտպանությանը։
- Կտրականապես դեմ է տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց հարմար խաղի կանոնների ներդրմանը, այլ սուբյեկտների գործունեության խոչընդոտմանը` ընդհուպ մինչեւ օրենսդրական նախաձեռնության մակարդակի։
- Կտրականապես դատապարտում է և դիմակայելու է տնտեսավարող որոշ սուբյեկտների կամ հասարակական կազմակերպությունների կողմից ապազգային հիմքերի և Հայաստանյան Առաքելական եկեղեցու հեղինակությունը նսեմացնող որակավորման փորձերի, ճանաչում ունեցող մասնագիտական խմբերի որակավորման չափորոշիչների անտեսմանը, կոռուպցիոն ներգործմամբ տուրիստական օբյեկտի աշխատակիցների կամ անհատ անձանց որակավորման փորձերին։
- Հետեւողական է, որ որակավորում ստացած անձինք ունենան համապատասխան գիտելիքներ և հետևեն համապատասխան չափորոշիչներին
Բոլոր մատնանշված հարցերում Հասարակական կազմակերպությունը գործելու է իր կանոնադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային նորմերով, ընդհուպ մինչև նշված օրենքի բոյկոտումը։