Իր նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով Կազմակերպությունը կարող է
1․ Իրականացնել զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրների դիտարկում և հանդես գալ նրանց գնահատականներով։
2․ Ամրագրել, ուսումնասիրել և հանրայնացնել Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ապահովման և դրանց խախտման դեպքերը։
3․ Ներգրավել պատկան պետական և մասնավոր մարմիններին զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ապահովման աշխատանքներում և գնահատել այդ ուղղությամբ նրանց կատարած աշխատանքը։
4․ Առաջարկել ՀՀ կառավարությանը, պետական և մասնավոր մարմիններին զբոսավարների, զբոսավար-վարորդների, վարորդների և զբոսաշրջային ոլորտում գործող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց որակավորման չափորոշիչները և մասնակցել դրանց սահմանման հանրային քննարկումներին, որակավորման համապատասխան մարմնի աշխատանքներին, մասնագիտական համապատասխան եզրակացության հիման վրա բողոքարկել որակավորման մարմնի որոշումները։
5․ Սահմանել միջանկյալ կարգավիճակ կամ բողոքարկել զբոսաշրջության ծառայություններ մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի տուգանումը, աշխատանքի կասեցումը կամ արգելքը մինչեւ դատարանի կամ մասնագիտական հատուկ հանձնաժողովի որոշումը։
6․ Կոռուպցիոն ռիսկերի բացառման և սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան փորձագետների մասնակցությամբ բողոքների առկայության դեպքում վերստուգել ֆիզիկական և իրավաբանական անձանց որակավորումը և տալ իր եզրակացությունը։
7․ Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային բարձր որակի ծառայությունների ապահովման նպատակով ոլորտի փորձառու և հայտնի մասնագետների ներգրավմամբ անցկացնել որակավորման կամ վերավորակավորման դասընթացներ՝ համապատասխան փաստաթղթերի տրամադրմամբ։
8․ Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել և զարգացնել տեղեկատվական կենտրոններ և փաստահավաք խմբեր։
9․ Հաստատել գործընկերային հարաբերություններ իրավաբանական, հոգեբանական և մասնագիտական ինչպես պետական, այդպես էլ մասնավոր անձանց, կառույցների և կազմակերպությունների հետ
10․ Ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների հետ, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ։
11․ Կազմակերպել և իրականացնել Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների հետ համատեղ ծրագրեր և միջոցառումներ՝ զբոսաշրջային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ապահովման և ազատ գործունեության պաշտպանության շրջանակներում։
12․ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնել լրատվության միջոցներ, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածել սեփական գործունեության և Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ։
13․ Իրականացնել հումանիտար նպատակներով սոցիալապես անապահով խավերի աջակցող ծրագրեր, օժանդակել այդպիսի ծրագրերին։
14․ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր աշխատանքներում ներգրավել կամավորների։
Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից: